«Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված «լոքդաուն» չի լինելու:
«Այս մասին բազմիցս ասել ենք, ևս մեկ անգամ կրկնում ենք՝ լոքդաուն չի լինելու»,-հայտարարել է Կոբախիձեն:
Նշենք՝ «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գիգա Բոկերիան հոկտեմբերի 28-ին հայտարարել է, որ կառավարությունը պատրաստվում է «փակել» երկիրը նոյեմբերի 2-ից: Սրան ի պատասխան Կոբախիձեն հայտարարել էր, որ հոկտեմբերի 31-ին կառավարությունը «լոքդաուն» կհայտարարի «Միացյալ ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունների համար:
Հիշեցնենք՝ այսօրվանից ուժի մեջ է մտել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ևս 3 սահմանափակում։ Մինչ այդ ողջ երկրով խոսակցություններ էին տարածվում, որ նոյեմբերի 2-ից փակվելու են բոլոր քաղաքները, արգելվելու են մասշտաբային հավաքները:
Հոկտեմբերի 31-ին կայացած ընտրություններից հետո, Թբիլիսիում մշտական բողոքի ակցիաներ են սկսվել: Ցուցարարները պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ ու ԿԸՀ-ի նախագահի վերընտրություն: