Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վստահ է, որ նախօրեին երկրում անցկացվել են ամենաժողովրդավարական ու ամենախաղաղ ընտրությունները` չնայած լուրջ մարտահրավերներին:
«Վրաստանին հաջողվել է անցկացնել խաղաղ, արդար, անվտանգ և ժողովրդավարական ընտրություններ: Կարելի է ասել ՝ եվրոպական ընտրություններ: Չնայած խիստ և աննախադեպ մարտահրավերներին՝ երեկ կայացած խորհրդարանական ընտրությունները մեկ անգամ ևս ցույց տվեցին աշխարհին, որ երկիրը շարունակում է իր անխափան առաջխաղացումը ժողովրդավարության և զարգացման ուղով»:
Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել բոլոր ընտրողներին` բարձր մասնակցության ու առանց լուրջ խախտումների ընտրությունների համար:
«Չնայած տարածաշրջանում շարունակվող հակամարտությանը, մեզ հաջողվել է ընտրություններ անցկացնել խաղաղ պայմաններում: Ընտրական գործընթացն անցել է խաղաղ այն տարածաշրջաններում, որտեղ խիտ բնակեցված են հայ և ադրբեջանական ծագում ունեցող մեր քաղաքացիները: Սա նշան է, որ այս բարդ և ցավոտ հակամարտության համատեքստում Վրաստանը շարունակում է մնալ կայունության կղզին ու երկիրը, որտեղ շարունակվում է համակեցության և հանդուրժողականության կովկասյան ավանդույթը: Հուսով եմ, որ մենք կկարողանանք դրական դեր խաղալ մեր տարածաշրջանում խաղաղության վերականգնման գործում, ինչը բոլոր երեք երկրների զարգացման անհրաժեշտ նախապայմանն է»:
Ըստ Զուրաբիշվիլիի` հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում վրացական հասարակությունը հաղթեց նիհիլիզմին և ապացուցեց, որ Վրաստանում հետխորհրդային դարաշրջանն ավարտվում է: