Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ըստ ՆԳՆ-ի ընթանում են հիմնականում խաղաղ մթնոլորտում, սակայն ժամը 15:00-ի դրությամբ բռնության դեպքերի քանակն ու բովանդակությունը այլ փաստի մասին է վկայում: Հատկապես ծայրահեղական տրամադրություններ են արձանագրվում լրագրողների նկատմամբ: Այսպես, մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ծեծի են ենթարկել մինչև 6 լրագրողի, նաև բազմաթիվ սպառնալիքներ են հնչեցրել լրագրողների հասցեին:
«Պիրվելի» հեռուստաընկերության լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնություն են գործադրել Գլդանի թաղամասում տեղակայված ընտրատեղամասերից մեկում: Այստեղ առավոտյան ժամերից ի վեր լարված իրավիճակ է եղել, քաղաքացիները վիրավորանքներ են հասցրել ընդդիմության ներկայացուցիչներին, ինչպես նաև խոչընդոտել են լրագրողների աշխատանքը:
Գլդանի թաղամասի մեկ այլ ընտրատեղամասում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների ու քաղաքացիների միջև ծեծկռտուք էր եղել, ինչի հետևանքով վնասվել էր նաև լրագրողի տեխնիկան:
Ճնշումներ են գործադրվել նաև «Ալիք Մեդիայի» նկարահանող խմբի վրա: Լրագրողների աշխատանքը խոչընդոտել են սկզբում ընտրատեղամասի հանձնաժողովի անդամները, այնուհետև ընտրատեղամասի հարակից տարածքում խմբված քաղաքացիները, որոնք ընտրողների անձնական տվյալներով ցուցակներ ունեին: