Վրաստանի խորհրդարանական ընտրություններն ու կուսակցությունների հայազգի թեկնածուները

Հոկտեմբերի 31-ին Վրաստանում տեղի կունենա այս տարվա ամենասպասված իրադարձությունը՝ խորհրդարանական ընտրությունները: Ընտրությունների համար Վրաստանի ԿԸՀ-ում գրանցվել է 47 ընտրական սուբյեկտ (կուսակցություն) և 2 ընտրական դաշինք:

Բոլոր կուսակցություններն ու դաշինքները արդեն ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը, ինչպես նաև՝ համամասնական և մեծամասնական կարգով առաջադրված թեկնածուներին: Այս տարի նախընտրական քարոզարշավը տարբերվող էր Վրաստանի հայաբնակ շրջաններում, պատճառը՝ Արցախում ստեղծված իրավիճակն է։ Սակայն, այնուամենայնիվ, մարդկանց հետաքրքրում են Վրաստանի խորհրդարանական ընտրությունները, ու ընդհանրապես երկրի ապագան: Բացի այդ, վիրահայերին հուզող հարցերից մեկը հենց հայերի ներկայացվածության խնդիրն է երկրի բարձրագույն օրենսդրական մարմնում:

Ստորև կներկայացնենք Վրաստանի մի շարք կուսակցություններ ու դաշինքներ, որոնք ամենահեղինակավորն են և շանսեր ունեն խորհրդարան մուտք գործելու, և կառանձնացնենք  այդ կուսակցությունների ու դաշինքների հայազգի թեկնածուներին:

Կուսակցություններն ընտրված են մի շարք հետազոտական ընկերությունների (NDI, IPSOS, Edison Research, Survation) հարցումների արդյունքներից ելնելով․ կանխատեսվում է, որ այս կուսակցությունները կհաղթահարեն անցումային շեմը:

  1. «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» (համար 41) — իշխող կուսակցությունը հոկտեմբերի 1-ին ներկայացրեց կուսակցության ամբողջական ցուցակը: 150 հոգանոց ցուցակում հայազգի պատգամավորության երկու թեկնածու կա՝ Ախալքալաք-Նինոծմինդա մեծամասնական շրջանից Սամվել Մանուկյանը և համամասնական ցուցակով՝ 37-րդ համարի ներքո Սմբատ Կյուրեղյանը:
  2. «Միացյալ ազգային շարժում – միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է» դաշինք (համար 5) – Ֆրունզիկի ընկեր Վալիկոյի (Վախտանգ Կիկաբիձե) գլխավորած Վրաստանի հիմնական ընդդիմադիր դաշինքի ցուցակում կարդում ենք 2 հայազգի թեկնածուի անուն՝ Ախալքալաք-Նինոծմինդայի մեծամասնական շրջանից առաջադրված Մելիք Ռաիսյան և համամասնական ցուցակով 80-րդ համարի ներքո Թագուհի Վարդանյան:
  3. «Եվրոպական Վրաստան» (համար 2) – «Եվրոպական Վրաստանի» հրապարակած ցուցակում երկու հայազգի պատգամավորության թեկնածու կա՝ Ախալքալաք-Նինոծմինդայի մեծամասնական շրջանից առաջադրված Արսեն Կարապետյանը և համամասնական ցուցակով 71-րդ համարի ներքո առաջադրված Հարություն Ալեքսանյանը:
  4. «Գիորգի Վաշաձե — Շինարար ռազմավարություն» (համար 27) — Հայազգի թեկնածուների պակաս չունի Գիորգի Վաշաձեի և Թակո Չարկվիանիի ընտրական դաշինքը: Այստեղ համամասնական ցուցակում 5 հայազգի թեկնածու կա՝ Շաքրո Այվազյան (25 համարի ներքո), ինչպես նաև Սեդա Հակոբյան, Լեռնիկ Չարբուդաղյան, Մամիկոն Սաակյան, Սուրիկ Ավետիսյան:
  5. «Հայրենասերների դաշինք» (համար 8) — Դավիթ Թարխան-Մոուրավիի և Իրմա Ինաշվիլիի ղեկավարած կուսակցությունում երկու հայազգի թեկնածու կա: Համամասնական ցուցակով առաջադրվել է խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը (14 համարի ներքո), իսկ Ախալքալաք-Նինոծմինդայի մեծամասնական շրջանից առաջադրվել է Արտաշես Հակոբյանը:
  6. «Գիրչի» (համար 36) կուսակցության 129 հգուց բաղկացած համամասնական ցուցակում կա մեկ հայազգի պատգամավորության թեկնածու՝ 84 համարի ներքո, Դավիթ Իսրաելյան:
  7. «Շալվա Նաթելաշվիլի – Լեյբորիստական կուսակցություն» (համար 10) — Նաթելաշվիլիի կուսակցության համամասնական ցուցակում կարդում ենք երկու հայի ազգանուն՝ Մեքի Քելբաքյան և Մարինե Մերաբյան:
  8. «Դավիթ Ճիճինաձե — Տրիբունա» (համար 4) — «Վրացական երազանքի» նախկին մեծամասնական պատգամավորը, որն ընտրվել էր Հավլաբարի-Իսանի հայաշատ շրջանից, այս անգամ ընտրություններին մասնակցում է առանձին՝ «Տրիբունա» կուսակցությունով, որի համամասնական ցուցակում նույնպես ազգությամբ հայերի պակաս չկա: 7-րդ համարում Գենրիխ Մուրադյանն է, 13 համարի ներքո Դավիթ Ռստակյանը, ցուցակում են նաև Գառնիկ Սիմոնյանը, Աշոտ Մուրադյանը, Գրիգոլ Նալբանդյանը, Արկադի Սարգսյանը, Աստղիկ Մինասյանը և Էլեոնորա Պոտոյանը:
  9. «Նինո Բուրջանաձե — Միասնական Վրաստան – ժողովրդավարական շարժում» (համար 3) — 142 Հոգուց բաղկացած համամասնական ցուցակում ընդգրկվել է 3 հայազգի թեկնածու՝ Էմա Կակոսյան, Իզաբելա Կուլյան, Գարեգին Կակոսյան:
  10. «Լելո» և «Ալեկո Էլիսաշվիլի-քաղաքացիներ» կուսակցությունները չունեն հայազգի թեկնածուներ:

Հարկ է նշել, որ իշխող կուսակցությունը այս անգամ իր շարքերում չունի թեկնածու, որը կներկայացնի թբիլիսահայությանը: 2016 թվականին համամասնական ցուցակում որպես հայության ներկայացուցիչ ներառվել էր Ռուսլան Պողոսյանը:

Վերոնշյալ միջազգային կազմակերպությունների հետազոտության արդյունքներին վրա հիմնվելով՝ կարող ենք ենթադրել, որ 10-րդ գումարման խորհրդարանը կունենա երկու հայազգի պատգամավոր՝ մեկով պակաս նախորդ խորհրդարանից:

Հիշեցնենք, որ վերջերս ընդունած սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վրաստանի խորհրդարանը կկազմվի 30 մեծամասնական և 120 համամասնական կարգով ընտրված պատգամավորներից:

 

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ