Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը նամակ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային, հաղորդում է Ադրբեջանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ «նամակում Վրաստանի վարչապետին տեղեկացվել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի դեմ Հայաստանի հերթական ռազմական սադրանքի մասին: Ընդգծվել է, որ մարդասիրական նկատառումներով հրադադարի մասին համաձայնության հասնելուց մեկ օր անց Գյանջայի կենտրոնում բնակելի շենքերին SCUD հրթիռային համակարգի գնդակոծության արդյունքում սպանվել է 10 խաղաղ բնակիչ, այդ թվում` 5 կին, վիրավորվել է 34 մարդ, այդ թվում` 10 կին և 9 երեխա»:
Ադրբեջանի վարչապետի նամակում նաև նշվում է, որ «բարձր է գնահատվել Վրաստանի արտգործնախարարության անմիջական արձագանքը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին հարված հասցնելու Հայաստանի փորձին և որ Ադրբեջանը և Վրաստանը միմյանց աջակցում են բոլոր միջազգային կազմակերպություններում, համերաշխություն են ցուցաբերում իրենց առջև ծառացած հակամարտությունների լուծման գործում` հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, մասնավորապես` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության վրա»: