Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Դավիթ Գարեջիի շուրջ զարգացած իրադարձություններին: Նախագահը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է իր՝ նախարար լինելու ժամանակահատվածում պետական սահմանների հարցին: Զուրաբիշվիլիի խոսքով՝ պետական սահմանների հարցն իսկապես երկկողմ օրակարգի կարևոր մաս է հանդիսացել և՛ Ադրբեջանի և՛ Հայաստանի գործընկերների հետ հանդիպումների ընթացքում:
Նախագահի խոսքով՝ ինքը չի տիրապետում նախարար լինելուց հետոյի տեղեկությանը, այսինքն՝ թե արդյոք 2005 թվականի հոկտեմբերի 19-ից հետո քննարկվել է հարցը:
Նախագահը պատրաստակամություն է հայտնել ցանկացած պահի պատասխանել դատախազության հարցերին ու տեղեկություն փոխանցել:
«Վերջին ժամանակահատվածում ստեղծված խառնաշփոթը հաստատ ուղղված է նախագահի ինստիտուտի թուլացմանը:
Այն ժամանակ, ինչպես էլ այսօր, հավատում էի ու հավատում եմ, որ սերտ բարիդրացիական և բարեկամական հարաբերությունները սահմանների դելիմիտացիայի ու գործն ավարտին հասցնելու կարիք ունեն»,- նշված է հայտարարության մեջ: