Սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի Վրաստան կատարած այցից հետո երկրում նորից ակտիվ քննարկման առարկա դարձավ վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա-դեմարկացիայի հարցը՝ հատկապես Դավիթ Գարեջիի համալիրի տարածքում: Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարեց, որ ձեռք են բերվել նոր քարտեզագրական նյութեր, որոնք փոխանցվել են նաև ադրբեջանական կողմին: Վերջինս նաև չէր բացառել, որ վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա-դեմարկացիայի շրջանակներում ձեռք բերված նոր քարտեզագրական նյութերը փոխեն 2006-2007 թթ․ ձեռք բերված համաձայնությունը:
Սեպտեմբերի 30-ին Վրաստանի դատախազությունը հայտարարություն տարածեց, որի համաձայն հարուցվել էր քրեական գործ՝ Վրաստանի տարածքի մի մասը այլ երկրի տալու մեղադրանքով: Հետաքննությունը սկսվել է 2020 թվականի օգոստոսի 17-ին` Վրաստանի պաշտպանության նախարարությունից ստացված գրավոր տեղեկատվության հիմքով:
Հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել են վրաց-ադրբեջանական սահմանի գործով պետական հանձնաժողովի նախկին անդամներ Իվերի Մելաշվիլին և Նատալիա Իլիչովան: Մելաշվիլին Վրաստանի արտաքին գործերի նախարարության հարևան երկրների դեպարտամենտի սահմանային կապերի ծառայության ղեկավարն է, իսկ Իլիչովան՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության ցամաքային սահմանների պաշտպանության վարչության գլխավոր տեսուչը: Դատախազության տեղեկատվության համաձայն՝ անցկացրած փորձաքննությունը պարզել է, որ մինչև 2007 թվականը ներառյալ ձեռք բերված սահմանազատման համաձայնությունը որոշ հատվածներում չի համապատասխանում նախքան այդ գոյություն ունեցող,1937-1938 թվականներին կազմված քարտեզներին, ինչի արդյունքում Վրաստանը զրկվում է շուրջ 3500 հա տարածքից:
Թեմայի շուրջ քաղաքական արձագանքները
Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սադրանք է որակել այն լուրը, թե վրաց-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի հանձնաժողովը ապօրինի տարածքներ է հանձնել այլ պետության:
«Հաջորդ քայլն այն կլինի, որ նրանք կստիպեն նախկին փոխարտգործնախար Մանջղալաձեին՝ խոսել, իսկ վերջինս կասի, որ նա ինձնից այդ տարածքների օտարման հանձնարարություն է ստացել: Հետո նրանք ծրագրում են Մոսկվայում բնակվող էթնիկ ադրբեջանցիներին խոսեցնել, որոնք էլ կասեն, որ դրա դիմաց 30 միլիոն են վճարել, կամ 80: Պատմություն կսարքվի այն մասին, որ մենք վաճառել ենք վրացական հողերը: Իրականում, ամեն ինչ հակառակն է»,- ֆեյսբուքում տեսաուղերձում ասում է Սաակաշվիլին:
Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչներին, Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի խոսքով Ադրբեջանը եղել է, կա ու կմնա Վրաստանի ռազմավարական դաշնակիցն ու բարեկամը:
«Ոչ հետաքննություն սկսելու փաստը, ոչ էլ նոր բացահայտված հանգամանքներից ելնելով` ադրբեջանական կողմի հետ բանակցությունները և արդար լուծում գտնելու գործընթացը, որով մենք կվերանայենք դեմարկացիայի նախնական համաձայնագրերը, չեն վնասի մեր երկկողմանի պատմականորեն շատ ամուր, բարեկամական հարաբերություններին, քանզի մենք ոչ մի բողոք չունենք Ադրբեջանի պետությունից, առավել ևս ՝ նրա քաղաքական ղեկավարությունից», — ասել է նախարարը:
Թեմային անդրադարձել են նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան և խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն, որոնք նույնպես հայտարարել են, որ սա Վրաստանի ներքին գործն է և հետաքննությունը ոչ մի ազդեցություն չի ունենա վրաց-ադրբեջանական հարաբերությունների վրա:
Վրաստանի ԱԳ նախարարը ասել է, որ վրաց-ադրբեջանական սահմանի հետ առաջացած խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապելն ավելորդ շահարկում է. «Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ ցանկացած քաղաքական շահարկում, թե իբր սա կվնասի վրաց-ադրբեջանական հարաբերություններին, կամ կապ ունի ներկայիս հակամարտության հետ, բացարձակապես անհիմն է: Ուզում եմ հիշեցնել, որ մեր հանդիպումը ադրբեջանցի գործընկերոջ հետ տեղի է ունեցել հակամարտության սրացումից առաջ, հետևաբար սա քաղաքական մանիպուլյացիա է ու հակապետական վերաբերմունք»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ Ադրբեջանի հետ համաձայնության կգան, որը ընդունելի կլինի երկու կողմերի համար և չի վնասի կողմերի շահերին:
Այս խնդրի քննարկման համատեքստում կարևոր հանգամանք է նաև Վրաստանում հոկտենբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հարցը: Մի շարք վերլուծաբանների կարծիքով վրաց-ադրբեջանական սահմանի թեմայի ակտիվացումը կապված է ընտրությունների հետ և իշխանությունը փորձում է այս թեման դարձնել իր նախընտրական քարոզարշավի մի մաս և նախկին իշխանություններին վարկաբեկելու ևս մեկ հնարավորություն:
Հիշեցնենք՝ վերջին տարիներին պետական սահմանի չհստակեցված հատվածները լարվածություն են առաջացրել վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող` Դավիթ Գարեջի 6-րդ դարի վանական համալիրի շուրջ: Վանական համալիրում բազմիցս միջադեպեր են գրանցվել վրացի ու ադրբեջանցի սահմանապահների միջև, բողոքի ակցիաներ են անցկացվել: Իրավիճակը լարվել էր հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը փակել էր համալիր տանող մուտքը: