Վրաստանի կառավարության շենքի դիմաց այսօր խաղաղության մանիֆեստ անցկացրին էթնիկ հայեր, ադրբեջանցիներ, նաև վրացիներ:
Մասնակիցները խաղաղության կոչեր հնչեցրին: Եռալեզու պաստառների վրա ևս կրակը դադարեցնելու կոչեր էին՝ «Ոչ պատերազմին», «Չեմ ուզում պատերազմ», «Պատերազմը հանցագործություն է», «Կովկասն իմ տունն է» և այլն:
Մասնակիցները Վրաստանի կառավարությանը կոչ արեցին չեզոքություն պահպանել, հնարավորության սահմաններում ձեռնարկել հումանիտար և այլ միջոցներ` երկու երկրներում տուժած քաղաքացիներին աջակցելու համար, լավ գիտակցել սեփական դերը` տարածաշրջանում խաղաղության աջակցության գործընթացում, միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում ռազմական ու քաղաքական լարվածության հետ կապված զգացմունքային դրսևորումները Վրաստանում կանխելու նպատակով:
«Մեզ` էթնիկ հայերի ու ադրբեջանցիների համար, չափազանց կարևոր է խաղաղություն ունենալ հարավային Կովկասում․ այդ պատճառով ենք այսօր այստեղ: Մենք դեմ ենք ցանկացած պատերազմի, դեմ ենք նրան, ինչ կատարվում է այսօր Լեռնային Ղարաբաղում: Վրաստանը կարծում է, որ այս կոնֆլիկտը երկխոսություն դառնալու պոնտենցիալ ունի, համոզված ենք, որ երկխոսությանը այլընտրանք չկա, այդ պատճառով ենք այստեղ կանգնած: Անթույլատրելի է, որ այսօր փոքրիկներ են մահանում, խաղաղ մարդիկ, զինվորներ, ու հույս ունենք, որ քաղաքական գործիչները կմտորեն այս հարցի շուրջ, ու հակամարտությունը երկխոսությամբ կփոխարինվի»,- Ալիքի հետ զրույցում ասում է քաղաքացիական ակտիվիստ Քրիստի Առաքելովան:
Ադրբեջանի ու Հայաստանի կառավարություններին մանիֆեստի մասնակիցները կոչ արեցին առճակատումն անհապաղ դադարեցնելուն միտված քայլեր անել, իսկ Ռուսաստանի Դաշնության ու Թուրքայի կառավարություններին հորդորեցին իրենց միջամտությամբ չխորացնել ստեղծված ռազմական ու քաղաքական բախումն ու տարածաշրջանային լարվածությունը:
Մասնակիցները միջազգային կազմակերպություններին հորդորեցին առավել արդյունավետ ու անմիջական միջոցներ ձեռնարկել հրադադարի ռեժիմի համար, իսկ տեղի լրատվամիջոցներին` հնարավորինս չեզոք լուսաբանել հակամարտության հետ կապված իրադարձություններն ու հաշվի առնել Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների գործոնը:
Ուղիղ միացումը` տեղից.
Խաղաղության մանիֆեստ Վրաստանի կառավարության շենքի դիմաց
Posted by Aliq Media on Friday, October 2, 2020