Սաակաշվիլիի նախընտրական «ինքնասպանությունը» Ջավախքում

Սեպտեմբերի 28-ին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր արցախա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակին: Սաակաշվիլիի հայտարարությունը կայծակնային արագությամբ տարածվեց սոցիալական ցանցերում և մեծ վրդովմունք բարձրացրեց վիրահայերի և հատկապես ջավախահայերի շրջանում:

Մասնավորապես, նախկին նախագահը իր հայտարարությունում նշում էր, որ իր դիրքորոշումը լիովին ակնհայտ է՝ «այն հիմնված է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ուրեմն Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի հանրապետության ինքնիշխան տարածք և որևէ բան չի փոխի այդ հանգամանքը»:

Սաակաշվիլիի այս հայտարարությունը ընտրությունների շեմին գտնվող Վրաստանի հայազգի քաղաքացիների համար մեծ նշանակություն ունեցավ: Հատկապես Ջավախքում մարդիկ ազգի դավաճանություն են համարում Սաակաշվիլիի` «Միացյալ ազգային շարժման» օգտին քվեարկելը:

«Ալիք Մեդիայի» հետ զրույցում ջավախահայերից մեկը նշեց, որ իր կառավարման տարիներին Սաակաշվիլին բազմաթիվ դրական փոփոխություններ է կատարել Վրաստանի կյանքում, «սակայն նա հայ ազգի թշնամին է»:

«Մեզ համար այդ հայտարարությունը շատ վատ էր և այդ հայտարարությունից հետո հայ մարդը երբեք ընտրություններին Սաակաշվիլիի օգտին չի քվեարկի, հատկապես այս ընթացքում, երբ Արցախում կենաց մահու կռիվ է գնում: Նախքան այս հայտարարությունն էլ ես Սաակաշվիլիին չէի ընդունում, նա վրացի ղեկավարների մեջ հայերի հանդեպ ամենավատ ղեկավարն է եղել․ Բերիայի հետ կարող ենք հավասարեցնել»,- ասում է մեր զրուցակիցը Ջավախքից:

Վրաստանի նախկին նախագահի հայտարարությունը Հայաստանում նույնպես մեծ արձագանք ունեցավ: Երեկ ԵՊՀ գիտխորհուրդը միաձայն կողմ քվեարկեց Վրաստանի Հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու որոշմանը։