ՀՀ մայրաքաղաք Երևանում քաղաքացիները շարունակում են հումանիտար օգնության հավաքագրումը: Կամավորական խմբերը դեղորայք, սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր, հագուստ են ուղարկում առաջնագիծ:
Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կոչ էր արել ցանկացած նախաձեռնություն սկսելուց առաջ համաձայնեցնել գործողությունները մարզերում՝ մարզային իշխանության, Երևանում՝ վարչական շրջանների հետ, որպեսզի աջակցությունը հնարավորինս հասցեական լինի:
Նաև մեկնարկել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ: Նվիրատվություններ կարելի է կատարել www.himnadram.org հասցեով, ինչպես նաև փոխանցումներ կատարելով ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները՝ նույն էջում):