Վրաստանի խորհրդարանի Պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններին:
«Եթե կողմերը ցանկություն հայտնեն, որ Վրաստանը ներգրավվի բանակցությունների գործընթացում, մենք ամբողջական պատրաստակամություն ունենք, ու սա նաև մեր շահն է, չնայած այսօր ցավոք դրա նշաններն անգամ չկան»,- հայտարարել է Սեսիաշվիլին:
Ինչ վերաբերում է կոնֆլիկտի՝ անվտանգության խորհրդի ձևաչափում քննարկմանը, Սեսիաշվիլին հայտարարում է, որ սա վարչապետի որոշելիքն է:
«Շատ ծանր իրավիճակ է, ոչ մեկի կողմից չի նկատվում կրակի դադարեցման ցանկություն: Միջազգային ակտորներին ևս մեկ անգամ կոչ եմ անում, որ էլ ավելի ակտիվանան: Դուք գիտեք, որ Վրաստանը չեզոք դիրքորոշում ունի և սա շատ լավ հասկանում են մեր հարևանները: Մենք ցանկացած պահի կարող ենք ներգրավվել խաղաղարար բանակցությունների գործընթացում: Արտաքին գործերի նախարարությունը 24 ժամյա ռեժիմով անընդհատ կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Նաև, հայտնի է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել իրենց գործընկեր պետությունների հետ, ես հույս ունեմ, որ ավելի խոշոր սուբյեկտներ չեն միջամտի այս գործընթացում, դա մեզ կհասցնի միջազգային ճգնաժամի ու ազդեցություն կունենա ոչ միայն տարածաշրջանի, այլ ողջ աշխարհի վրա»,- ասել է Սեսիաշվիլին: