Հոկտեմբերի 1-ից Թբիլիսիի, Քութաիսիի, Ռուսթավիի և Զուգդիդիի դպրոցների I-ից VI դասարանների աշակերտները դասապրոցեսը կշարունակեն դասասենյակներում, իսկ մնացած դասարանների աշակերտները կրթությունը կշարունակեն հեռավար մեթոդով:
Համապատասխան որոշումը կայացրել է Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը:
«Բացի Աջարիայի շրջանից, հոկտեմբերի 1-ից I-ից VI դասարանը ներառյալ, աշակերտները ֆիզիկապես դասասենյակներում կսկսեն ուսումնական գործընթացը: Սա վերաբերում է Թբիլիսիին, Քութաիսիին, Ռուսթավիին և Զուգդիդիին: Ինչ վերաբերում է Փոթիին և Գորիին, այստեղ հոկտեմբերի 1-ից ուսուցումը դպրոցներում կշարունակվի բոլոր դասարանների աշակերտների համար»,- հայտարարեց Վրաստանի ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելին:
Չխենկելին հավելեց նաև, որ մշակել են ծրագիր, ըստ որի ծնողին հնարավորություն է տրվում նշված քաղաքներում որոշել, թե երեխան ինչ մեթոդով շարունակի ուսուցումը: Նրա խոսքով՝ ծնողները իրավունք ունեն ընտրել ինչպես հեռավար, այնպես էլ դպրոցներում սովորելու մեթոդները՝ դպրոցին համապատասխան դիմում ներկայացնելով: