Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին չի բացառում, որ վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա-դեմարկացիայի շրջանակներում ձեռք բերված նոր քարտեզագրական նյութերը փոխեն 2006-2007թթ համաձայնությունը:
Այս մասին Զալկալիանին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: Ինչպես նշել է Զալկալիանին, նյութերը ձեռք է բերել վրացական կողմը, և դրանք տրամադրվել են նաև Ադրբեջանին:
«Մենք ակտիվորեն աշխատում ենք սահմանների դելիմիտացիա-դեմարկացիայի խնդրի շուրջ: Ինչպես գիտեք, նախորդ տարի տարբեր միջադեպեր տեղի ունեցան Դավիթ Գարեջիում: Մենք ակտիվորեն աշխատում ենք համատեղ հանձնաժողովի շրջանակներում: Նորացվել է նաև հանձնաժողովի կազմը: Համաճարակի պատճառով հանձնաժողովի նիստերը հետաձգվեցին, սակայն, աշխատանքը չի դադարեցվել: Մեր կողմից հայտնաբերվել են նոր լրացուցիչ քարտեզագրական նյութեր, որոնք փոխանցվել են Ադրբեջանին: Վերլուծելով այս նյութերը՝ չեմ բացառում, որ անհրաժեշտ է վերանայել 2006-2007 թվականներին ձեռք բերված համաձայնագիրը: Հանձնաժողովը պետք է այս հարցը լուծի երկուստեք, ի շահ երկու երկրների: Երկու կողմերն էլ կառուցողական են վերաբերվում այս հարցին», — հայտարարել է Զալկալիանին:
Հիշեցնենք՝ այսօր պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
Այսօր առաջին պաշտոնական այցով Վրաստան կժամանի Ադրբեջանի ԱԳ նախարարը