Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով՝ հոկտեմբերի 1-ից Wizzair-ը Քութաիսիի միջազգային օդանավակայանից Ռիգայի ուղղությամբ չվերթներ կիրականացնի:
Ավելի վաղ Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան նշել էր, որ կառավարությունն առաջիկա օրերին որոշում կկայացնի Wizzair-ի կանոնավոր չվերթները վերսկսելու վերաբերյալ:
Նրա խոսքով՝ Ryanair- ի հետ նույնպես ընթանում են թռիչքների վերսկսման շուրջ բանակցությունները, և հարցը կլուծվի ընթացիկ տարվա ընթացքում:
«Վրաստանը տեղափոխվել է հարմարվողականության փուլ, ինչը նշանակում է, որ խիստ արգելքների փոխարեն մենք պատրաստվում ենք ապրել համաճարակի հետ միասին: Տնտեսությունն աշխատելու է համաճարակին զուգահեռ, ինչը նշանակում է ավելի բաց սահմաններ: Մենք փուլ առ փուլ կվերսկսենք չվերթները, օրինակ՝ սեպտեմբերին նախատեսվում է իրականացնել մինչև 90 թռիչք: Առաջիկա օրերին մենք որոշում կկայացնենք Wizzair-ի կանոնավոր չվերթների վերսկսման վերաբերյալ: Մենք նաև ակտիվ բանակցություններ ենք վարում Ryanair-ի հետ չվերթների հաճախականության մասին — հայտարարել է Թուրնավան:
Հիշեցնենք՝ Վրաստանում կանոնավոր չվերթները արգելված են մինչև նոյեմբերի 1-ը: