Ջերմություն ունեցող ընտրողների քվեարկության իրավունքը չի սահմանափակվի

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թամար Ժվանիայի հայտարարությամբ՝ ընտրություններին մասնակցելու իրավունքը ջերմություն ունենալու դեպքում չի սահմանափակվելու: Այս մասին նա խոսել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:

Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 31-ին: Ժվանիայի խոսքով՝ Առողջապահության նախարարության խորհրդատվությունները հաշվի առնելով, ԿԸՀ-ն փորձում է այնպիսի կանոններ մշակել, որոնք չեն սահմանափակի ընտրողի քվեարկության իրավունքը, միևնույն ժամանակ, կպաշտպանեն ընտրողների անվտանգությունը:

«Քանի որ ընտրողները շատ կարճ ժամանակով են կոնտակտ ունենալու ընտրատեղամասում՝ 15 րոպեից քիչ, սա միջազգային չափանիշներով չի համարվում ռիսկային կոնտակտ»,- ասել է ժվանիան:

Նրա խոսքով՝ ընտրատեղամասեր քաղաքացին պետք է ներկայանա միայն դիմակով: Այն դեպքում, եթե դիմակ չունենա, տեղում նրան նորը կտրամադրվի: Ընտրողներին կբաժանվեն նաև մեկանգամյա օգտագործման գրիչներ:

Միաժամանակ, կփոփոխվի քվեարկելու խցիկների դիզայնը: Այն չի ունենա վարագույր, սակայն կձևավորվի այնպես, որ քվեարկությունը փակ ընթանա: