Ներկայումս Վրաստանում բուժում է ստանում 536 վարակակիր, 17-ի վիճակը ծանր է, 4-ինը` ծայրահեղ ծանր: Տեղեկությունը հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական տնօրեն Մարինա Էզուգբայան:
Միայն վերջին օրում Վրաստանում 87 նոր դեպք է հաստատվել: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում 23 պացիենտ է բուժվում, որոնցից մեկը` ծանր, մեկը` ծայրահեղ ծանր վիճակում:
Էզուգբայայի գնահատմամբ` հիվանդների մեծ թիվը նշանակում է, որ երկրում կորոնավիրուսի նոր ալիք է սկսել: Ըստ մասնագետի` ներկա դրությունը հետևանք է ներքին տուրիզմի ակտիվացման և անվտանգության կանոնների անտեսման: Միաժամանակ, Վրաստանում կորոնավիրուսի նոր բռնկում է կանխատեսվում հոկտեմբեր-նոյեմբերին: Էզուգբայան հաստատել է` Վրաստանը դուրս է եկել «կանաչ գոտուց»: Եթե հուլիսի սկզբին 100 հազար բնակչի համար հիվանդացության ցուցանիշը 0,7 է, այսօր` 10,2 Է: Սա «դեղին»` զգուշացնող գոտին է, երբ 100 հազար բնակչի համար 10 –ից 30 է ցուցանիշը: 30-ից հետո երկրներն ու տարածաշրջանները համարվում են կարմիր գոտի: