Վրաստանի Կրթության փոխնախարար Էկատերինե Դգեբուաձեի հայտարարությամբ՝ կարևոր է, որ առաջինից չորրորդ դասարանի աշակերտները հաճախեն դպրոց ու մասնակցեն դասապրոցեսին:
Նրա խոսքով՝ դպրոցն ունի հարկ եղած դեպքում որպես ուսումնական օր շաբաթ օրն օգտագործելու հնարավորություն:
«Այն դեպքում, եթե դպրոցն ունի ենթակառուցվածքային խնդիրներ, դպրոցին հնարավորություն է տրվում ինքնուրույն սահմանելու ուսումնական օրվա մեկնարկի ժամը, ինչպես նաև դասապրոցեսն իրականացնելու հերթափոխով»,- հայտարարել է փոխնախարարը:
Նշենք, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ապրիլից հետո կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել։ Վրաստանի վարչապետը, սակայն, հայտարարել է, որ ուսումնական գործընթացի վրա սա չի անդրադառնա:
Դպրոցներում ուսումնական տարին Վրաստանում մեկնարկում է սեպտեմբերի 15-ին, մանկապարտեզները կսկսեն գործել հոկտեմբերի 1-ից։ Ինչ վերաբերում է համալսարաններին, դեռևս անհայտ է դրանց վերաբերյալ նախարարության որոշումը: