«Կասպիի մունիցիպալիտետում՝ Ղարափիլա գյուղի հարակից տարածքում, օկուպացիոն ուժերն ապօրինի բորդերիզացիա են իրականացնում», — ահազանգում է Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը:
Հաստատության տեղեկությամբ՝ թեժ գիծ է գործարկվել, տեղի ունեցածի մասին տեղեկացված է ԵՄ դիտորդական առաքելությունը:
«Նշվածը ապակառուցողական քայլ է, ինչն էական վտանգ է ստեղծում անվտանգության միջավայրի համար: Այս մասին կիմանան Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներն ու միջազգային գործընկերները»,- հայտարարել են ՊԱԾ-ից:
Նշենք նաև,որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեպքի մասին տեղեկացրել է ԵՄ-ին ու ՄԱԿ-ին՝ կոչ անելով նրանց կիրառել իրենց իրավասության տակ եղած բոլոր հնարավորությունները ստեղծված իրավիճակի էսկալացիայից խուսափելու նպատակով:
Զուրաբիշվիլին գրավոր դիմումներում նշել է, որ Ցխինվալիի շրջանում գնալով վատթարանում է իրավիճակը, և որ տարածքում բերման են ենթարկում Վրաստանի քաղաքացիներին: