Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվանից՝ սեպտեմբերի 1-ից սկսում է իրականացնել բոլոր ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են հոկտեմբերի 31-ին ծրագրված խորհրդարանական ընտրություններն անցկացնելու համար: Այս մասին հայտարարել է ԿԸՀ-ի մամլո խոսնակ Անա Միքելաձեն:
Ըստ Միքելաձեի՝ ԿԸՀ-ն քաղաքացիների համար ստեղծում է բոլոր պայմանները, որ նրանք քվեարկության օրը ազատ և անվտանգ կերպով իրականացնեն իրենց քաղաքացիական իրավունքը:
Նրա խոսքով՝ այսօր տեղի ունեցած ԿԸՀ-ի նիստի ընթացքում հաստատվել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների միջոցառումների գրաֆիկը, որը մանրամասն արտացոլում է ընտրությունների հետ կապված ակտիվություններն ու ժամկետները:
Ընտրական վարչակազմը, այդ թվում ԿԸՀ-ն և 73 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կապահովեն Վրաստանի խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը 3 657 ընտրատեղամասում:
Այսօր հայտարարվել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ժամանակավոր անդամների թափուր տեղեր զբաղեցնելու մրցույթները: ԿԸՀ-ի կողմից սահմանվել են նաև ընտրատեղամասերի հանձնաժողովի ադամների մրցույթներ: