Վրաստանում մանկապարտեզները կվերաբացվեն հոկտեմբերի 1-ից: Այս մասին օրեր առաջ է հայտնի դարձել։ Առողջապահության նախարարության կողմից հատուկ ծնողների, երեխաների ու աշխատակազմի համար մշակված խորհրդատվություններն արդեն հրապարակվել են:
Մանկապարտեզների համար մշակված հակամաճարակային պայմաններն են՝
- Արգելվում է մանկապարտեզ մուտք գործել կողմնակի անձանց՝ այդ թվում ծնողներին,
- Երեխաներին պետք է ընդունեն մանկապարտեզի աշխատակիցները,
- Հաստատությունների մուտքերի մոտ պետք է թերմոսքրինինգ անցկացվի, որպեսզի վերահսկվի ինչպես աշխատակազմի, այնպես էլ երեխաների և նրանց ծնողների առողջական վիճակը,
- Թերմոսքրինինգ անցկացնող անձը պետք է դիմակով լինի, պահպանի սոցիալական հեռավորություն,
- Ջերմություն ունեցող ու շնչառական նախանշաններ ունեցող երեխաներին պետք է տեղավորեն առանձին սենյակներում,
- Մեկուսացման սենյակում գտնվող 6 տարեկանից բարձր բոլոր անձինք պետք է կրեն դիմակներ, պահպանեն նվազագույնը մեկ մետր հեռավորություն,
- Պետք է պլան կազմվի՝ խմբերի սենյակների և սենյակներում երեխաների քանակի նշումով,
- Բակը, ինչպես նաև այլ ընդհանուր կիրառման վայրերը, չպետք է միաժամանակ ծառայեն միանգամից մի քանի խմբերի,
- Արգելվում է տնից խաղալիքներ բերել մանկապարտեզի տարածք,
- Կիրառությունից պետք է հանել այնպիսի խաղալիքները, որոնք անհնար է պարբերաբար լվանալ կամ ախտահանել,
- Խաղալիքները ամեն օր պետք է լվացվեն ջրով, խոզանակով, օճառով կամ սոդայի խառնուրդով: