Երեխաներին հատկացված 200 լարի օգնության փոխանցումը կսկսվի սեպտեմբերի 1-ից

Մինչև 17 տարեկան երեխաներին հատկացված 200 լարի օգնության փոխանցումը կսկսվի սեպտեմբերի 1-ից: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:

Ըստ նույն տեղեկության՝ նշված օգնություն ստացողների ցանկից չեն հանվի բանկային պարտքեր ունեցող անձինք. համապատասխան համաձայնագիրը ձեռք է բերվել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և առևտրային բանկերի ղեկավարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Կառավարության աշխատակազմում:

Համաձայն պայմանագրի՝ եթե օգնության շահառուն  վարկի պարտավորություն ունի բանկին, ապա բանկը չի վերցնի նշված սոցիալական աջակցությունը` այն մարելու համար: Բանկերն արդեն սկսել են աշխատել այս հարցի շուրջ` համապատասխան գործառնական մակարդակում:

Մինչև 17 տարեկան երեխաների համար միանվագ 200 լարի սոցիալական օգնություն ստանալու համար ստեղծված հատուկ պորտալում՝ daxmareba.moh.gov.ge, գրանցումը մեկնարկել է օգոստոսի 15-ից և կտևի մինչև դեկտեմբերի 1-ը: Այս պահին օգնություն ստանալու համար գրանցվել է 742 000 երեխա և 442 000 ծնող: