ՌԴ-ի հետ ավիահաղորդակցության վերականգնումը սխալ կլինի. Կապանաձե

Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը ներկայացնող Սերգի Կապանաձեն այն կարծիքին է, որ ՌԴ-ում կորոնավիրուսի մասշտաբները հաշվի առնելով` թռիչքների վերականգնումը սխալ կլինի:

Ըստ ընդդիմադիր քաղաքական գործչի` Վրաստանի համար կարևոր է, որ չվերթները վերականգնվեն  «կանաչ գոտու» երկրների հետ: Կապանաձեն թեմային անդրադարձել է` կապված  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության հետ, թե ՌԴ-Վրաստան օդային հաղորդակցության վերականգնումը մոտ ապագայի հարց է: Հիշեցնենք` նախորդ տարվա հուլիսի 8-ին Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը դադարեցվեց.  Կրեմլն այս կերպ  որոշել էր «պատժել» Վրաստանի` այսպես կոչված  «Գավրիլովյան գիշերվա» և դրան հետևած մասսայական բողոքների ու հակառուսական տրամադրությունների համար:

Ի դեպ, այսօր թեմային անդրադարձել է  նաև վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն` նշելով,որ  չվերթները կվերականգնվեն` ՌԴ-ում համաճարակային իրավիճակից ելնելով և ՌԴ-ի քաղաքական կամքի պայմաններում,  և որ դա կախված է հիմնականում Մոսկվայից:

Նրա խոսքով՝  քանի որ չվերթները դադարեցվել են ռուսական կողմի որոշմամբ, համապատասխանաբար,  դրանց վերսկսման որոշումը նույնպես պետք է ռուսական կողմից լինի։

Նույն թեմայով`

Հույս ունեմ` Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնումը մոտ ապագայի հարց է. Լավրով