Միլիարդներ՝ ընդդեմ կորոնավիրուսի. Ի՞նչ աջակցություն է ստացել Հայաստանը համավարակի դեմ պայքարի նպատակով

Հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ Ֆինանսների նախարարության գանձապետարանի թիվ 900005001947 հաշվին կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցության տեսքով մուտքագրվել է 1 մլրդ 118 մլն 78 հազար դրամ։ Սա միայն ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերություններն են:

«Ալիք Մեդիան» պարետատնից հետաքրքրվեց, թե Հայաստանի Հանրապետությունը մինչ օրս կորոնավիրուսի հետ կապված դրամական և նյութական ինչ աջակցություն է ստացել: Պարետատունը, հղում անելով Արտաքին գործերի նախարարությանը, տեղեկացրել է, որ ս.թ. հունիսի 17-ի դրությամբ Հայաստանը ստացել և/կամ ստանալու է ինչպես ֆինանսական, այնպես էլ բժշկական պարագաների տեսքով աջակցություն 24 գործընկեր կազմակերպություններից և երկրներից.

Կարմիր խաչի միջազգային կոմիտե

Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մոտ 40 սահմանամերձ համայնքներում բաժանել է 550 պաստառ՝ նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների վերաբերյալ։ 6 մարզային հիվանդանոց Տավուշում, Արարատում և Վայոց Ձորում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից ստացել են պաշտպանիչ ու մաքրող միջոցներ՝ վարակի կանխարգելման և հսկողության նպատակով, այդ թվում՝ 1200 բժշկական ձեռնոց, 3600 վիրաբուժական դիմակ, 500 վիրաբուժական գլխարկ, 1892 մեկանգամյա և բազմակի օգտագործման բժշկական արտահագուստ, 9 ինֆրակարմիր ջերմաչափ, 432 լ հեղուկ օճառ, 240 լ ախտահանիչ, 3600 աղբի պարկ և այլն: ԿԽՄԿ-ն 60 պլանշետ է նվիրաբերվել համավարակի հետևանքով ուսումնական գործընթացից դուրս մնացած երեխաներին՝ աջակցելու նրանց հեռավար ուսումնառությանը։ 2500 թռուցիկ և 60 պաստառ՝ կորոնավիրուսի ախտանշանների և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ, ՀՀ արդարադատության նախարարության հետ մշակվել և բաժանվել են Հայաստանի բոլոր 12 ՔԿՀ-ներում։ ԿԽՄԿ-ի կողմից Հայաստանին տրամադրված վերոնշյալ աջակցության ընդհանուր չափը գումարային տեսքով կազմել է 28,125 մլն ՀՀ դրամ։

 ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր

Շարունակում է սարքավորումների, պարագաների, անհատական պաշտպանության միջոցների տեսքով աջակցություն տրամադրել Հայաստանին և աջակցության միջոցառումների ավարտին ծրագրի կողմից ցուցաբերված աջակցության ընդհանուր ծավալը կկազմի 1,04 մլն ԱՄՆ դոլար:

 ՄԱԿ բնակչության հիմնադրամ

Հայաստանին տրամադրել է 130 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ և պարագաներ: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ 2020թ. ապրիլի 3-ին ստեղծվել է «UN COVID-19 Response and Recovery: Multi-Partner Trust Fund» հիմնադրամը։ Առաջին փուլով Հիմնադրամից ֆինանսական միջոցներ են տրամադրվելու 46 երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար 1 մլն ԱՄՆ դոլարի չափով:

 ՄԱԿ մանկական հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ)

Հայաստանին է տրամադրել 25 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ անհատական պաշտպանության միջոցներ, ևս 15 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ նման միջոցների տրամադրման աշխատանքները ընթացքի մեջ են: Բացի այդ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ, տրամադրել է 79 հազար ԱՄՆ դոլար երեխաների ուսուցման էլեկտրոնային նյութեր և հեռուստադասեր կազմակերպելու, ինչպես նաև լրացուցիչ 40 հազար դոլար՝ երեխաների առցանց ուսուցման համար պլանշետներ ձեռք բերելու նպատակով: ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից սոցիալական աշխատողների համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է տրամադրվել 5500 ԱՄՆ դոլար արժողությամբ պաշտպանիչ պարագաներ՝ դիմակներ, ձեռնոցներ, ալկոհոլային հիմքով ախտահանիչներ։ Եվս 8800 ԱՄՆ դոլար արժողությամբ պարագաներ տրամադրվել է բնակելի խնամքի վայրերի աշխատակիցների և երեխաների համար:

Ասիական զարգացման բանկ

Հայաստանին տրամադրելու է ընդհանուր 2,464 մլն ԱՄՆ դոլար աջակցություն՝ բժշկական պարագաներ, սարքավորումներ, անհատական պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելու համար:

 Կայունացման և Զարգացման Եվրասիական Հիմնադրամը

Հայաստանին տրամադրելու է 3 մլն ԱՄՆ դոլար աջակցություն՝ ԲԿ-ների արդիականացման, դասընթացների կազմակերպման և հանրային իրազեկում իրականացնելու նպատակով:

 Համաշխարհային բանկ,

Որպես վարկային ծրագրի բաղադրիչ՝ Հայաստանին կտրամադրի հավելյալ 3 մլն ԱՄՆ դոլար և 23.3 մլն ՀՀ դրամ տեխնիկական աջակցություն՝ ավտոմեքենաներ, այդ թվում շտապ օգնության, բժշկական սարքեր, պարագաներ, անհատական պաշտպանության միջոցներ ձեռք բերելու համար։

 Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Հայաստանին է տրամադրել և կտրամադրի ընդհանուր 80 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ թեստ-համակարգեր, բժշկական այլ պարագաներ, որոնց գնման համար կազմակերպությանը հավելյալ գումարներ են հատկացրել նաև Եվրամիությունը, ԱՄՆ ՄԶԳ-ը և այլ գործընկեր կառույցներ։

 Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն

Հայաստանին տրամադրել է 90 հազար եվրո ընդհանուր արժողությամբ բացառիկ սարքերի, նյութեր ու պարագաների մեծ պաշար, այդ թվում՝ լաբորատոր դոզատորներ, լաբորատոր անալիզատորներ, ցենտրիֆուգներ, 18 հազար եվրո արժողությամբ դիագնոստիկ համակարգ (RT-PCR, որը թույլ է տալիս ժամերի ընթացքում ստանալ պատասխանները), մաքրող լամպեր, հատուկ սքաներ, պահարաններ, սրվակներ, ձեռնոցներ և այլն:

 Եվրոպական միությունը

ԵՄ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրների համար նախատեսել է աջակցության հատուկ փաթեթ՝ 80 մլն եվրո՝ անհապաղ կարիքների համար և մինչև 883 մլն եվրոյի չափով կարճաժամկետ և երկարաժամկետ աջակցություն՝ ուղղված տարածաշրջանի սոցիալ տնտեսական վերականգնմանը: Մասնավորապես, ՀՀ համար ԵՄ-ն նախատեսել է ավելի քան 92 մլն եվրոյի չափով աջակցության փաթեթ, ինչը ենթադրում է և՛ «նոր» աջակցություն, և՛ արդեն իսկ առկա միջոցների վերաուղղորդում:

 ԱՄՆ

Միացյալ նահանգների հետ ակտիվ երկխոսության շնորհիվ ի հավելումն ԱՄՆ կողմից Հայաստանին 1,1 մլն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրելու որոշմանը, լրացուցիչ կտրամադրվի ևս 600 հազար ԱՄՆ դոլար օժանդակություն։ Բացի վերոնշյալ 1.7 մլն ԱՄՆ դոլարից, որը տրամադրվելու է ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԿԽՀԿ-ի միջոցով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հանձառություն է ստանձնել Հայաստանին հատկացնել լրացուցիչ 1 մլն ԱՄՆ դոլար, որը ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով ուղղվելու է համավարակի տարածման կանխարգելման գործում ճգնաժամային հաղորդակցությունը և համայնքային ներգրավվածությունը խթանելու համար: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հավելյալ հատկացնելու է 1,8 մլն ԱՄՆ դոլար Հայաստանում սոցիալական աշխատակիցների վերապատրաստման, հասարակական աջակցության տրամադրման և տվյալների վրա հիմնված դեպքերի կառավարումը դյուրացնելու միջոցով «COVID-19»-ի հետևանքով առավել խոցելի խմբերին և նրանց ընտանիքներին աջակցելու նպատակով: ԱՄՆ ՄԶԳ-ի Հայաստանի աջակցության նախաձեռնությունը վերածրագրավորել է Հայաստանին տրամադրվող 1,2 մլն դոլար օգնությունը Հայաստանում «COVID-19»-ի բացասական տնտեսական հետևանքները մեղմելու համար։ ԱՄՆ ՄԶԳ-ն COVID-19-ի հետևանքների վերացման գործում ներգրավված Հայաստանի քաղհասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների և համայնքային դերակատարների համար սահմանել է լրացուցիչ 200 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհային ծրագիր։

 Ռուսաստան

Առողջապահության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինների միջև համագործակցության արդյունքում ռուսաստանյան կողմն անվճար հիմունքներով Հայաստանին տրամադրել է կորոնավիրուսային վարակի հայտնաբերման 20 հազար PCR թեստեր, 33.500 ռիբոպրեդ ռեագենտ, 33.500 ռեվերտա ռեագենտ, 7 ինֆրակարմիր անհպում ջերմաչափ, ինչպես նաև շարժական լաբորատորիա:

 Կանադա

Հայաստանին է տրամադրելու 500 հազար կանադական դոլար աջակցություն, բժշկական սարքավորումներ և պարագաներ ձեռք բերելու համար։

Չինաստան

2020թ. ապրիլի 8-ին, 15-ին և մայիսի 14-ին Պեկինից իրականացված չվերթներով Հայաստան են բերվել անհրաժեշտ առողջապահական պարագաներ, որոնք ձեռք էին բերվել ՀՀ կառավարության, ինչպես նաև նվիրաբերվել էին ՉԺՀ կառավարական շրջանակների, ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (WFP), տարբեր բարեգործական հիմնադրամների, հայազգի և օտարազգի անհատների կողմից։ Նշված չվերթների իրականացմամբ միայն ՉԺՀ կողմից Հայաստանին նվիրաբերված բժշկական պարագաների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1 մլն ԱՄՆ դոլար։

Ճապոնիայի հակահամաճարակային գործակալությունը Հայաստանին է նվիրաբերել 1.000 հատ ռապիդ թեստ և 100 հիվանդի բուժման «Avigan» դեղամիջոց:

Հնդկաստանը Հայաստանին տրամադրել է Հիդրոքսիքլորիքին դեղամիջոցի խմբաքանակ՝ նախատեսված շուրջ 5 հազար հիվանդի բուժման համար:

Նիդեռլանդների հանրային առողջության և շրջակա միջավայրի ինստիտուտը Հայաստանին տրամադրել է 2 հազար թեստ-համակարգ։

ՀՀ առողջապահության նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում Հայաստանին տրամադրվել է 40 հազար շվեյցարական ֆրանկ՝ ԹԱՓ սարքեր գնելու նպատակով։

 Ֆրանսիայի օգնությունը եղել է ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ՀԲԸՄ և Ֆրանկոֆոն քաղաքապետերի միության նախաձեռնությամբ Հայաստանին տրամադրվել է 30 հազար եվրո:

 Բուլղարիայի կառավարության կողմից Հայաստանին է տրամադրվել 500 հավաքածու բժշկական պարագաներ (պաշտպանիչ համազգեստներ, սաղավարտներ և պաշտպանիչ ակնոցներ)։

Հունիսի 17-ին Լիտվայի կառավարության նիստի ընթացքում վերջնական որոշում է կայացվել Հայաստան ուղարկվելիք բուժանձնակազմի հետ բժշկական պարագաների քանակի և տեսակի վերաբերյալ: Ըստ այդ որոշման՝ Հայաստան է ուղարկվելու կորոնավիրուսի 30 հազար հատ տեստ և 60 հազար օրինակ փորձանմուշի տարա, որոնց արժեքը կազմում է մոտ 0.5 միլիոն եվրո։ Բացի այդ, Հայաստան է ուղարկվելու նաև լիտվական արտադրության թոքերի օդափոխիչի 20 հազար հատ զտիչ (ֆիլտր), 10.500 բժշկական դեմքի պաշտպանիչ վահաններ։ Առաքելության կազմակերպման ծախսերը կազմում են մոտ 130 հազար եվրո:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Արաբական Միացյալ Էմիրությունների թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի պայմանավորվածության արդյունքում հատուկ չվերթով Երևան են բերվել բուժօգնության պարագաներ։ ԱՄԷ թագաժառանգի կողմից Հայաստանին է նվիրաբերվել 7 տոննա բժշկական պարագաներ։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Սերբիան Հայաստանին է տրամադրել 10 արհեստական շնչառության սարք, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակ, 25 հազար պաշտպանիչ ակնոց, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ: Հայաստանին ցուցաբերվող սերբական օգնության ընդհանուր արժեքը մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար է:

Լեհաստանի Հանրապետության կողմից՝ լեհական «Միջազգային համերաշխության հիմնադրամի» միջոցով, որպես մարդասիրական օգնություն տրամադրվել է 20 հազար բժշկական դիմակ, 2.400 դիմապաշտպան էկրան, 2.700 լիտր ձեռքերի, մակերեսների և սարքավորումների հակամանրէային ախտահանիչ հեղուկ։

Առողջապահության նախարարության համաձայն՝ այս ընթացքում արտերկրից դոնորների աջակցությամբ Հայաստան է ժամանել 62 մասնագետ, որոնք աշխատել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՊՓԲԸ-ում, «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն» ՓԲԸ ծննդատանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնում, Հայաստանի ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալում։

Ակտիվ են եղել նաև հայաստանյան կազմակերպությունները: Այսպես.

Հայաստան Համահայկական հիմնադրամը նշում է, որ հաշվի առնելով նոր կորոնավիրուսի համաճարակի տարածման վտանգները, ինչպես նաև դրանից բխող առողջապահական, սոցիալ-տնտեսական համաշխարհային լրջագույն մարտահրավերները, ընդգրկուն ու համապարփակ ձևաչափով ընդլայնել է «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» խորագրով համահայկական դրամահավաք-արշավը: Այն իրականացվում է ՀՀ նախագահի, ԱՀ նախագահի, ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, առողջապահության նախարարության և արտաքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Սփյուռքից եկող դրամական ողջ աջակցությունն իրականացվել է «Հայաստան» համահայկական ցանցի միջոցով։ Այս պահի դրությամբ հավաքվել է 800 հազար դոլար:

«Իմ քայլը» հիմնադրամից տեղեկացանք, որ կառույցը ձեռք է բերել 100 միլիոն դրամի կենսական անհրաժեշտության բժշկական պարագաներ՝ դիմակներ, հանդերձանք, պաշտպանիչ ակնոցներ, ձեռնոցներ, դիմավահաններ և մեկուսիչ արտահագուստներ։

Գեղարքունիքի մարզի երկու բժշկական կենտրոններին տրամադրել է COVID-19-ի համավարակի դեմ պայքարում անհրաժեշտ սարքավորումներ և բժշկական նշանակության այլ միջոցներ` ախտահանող թունելներ, ախտահանիչ սարքեր, բժշկական բազմակի օգտագործման արտահագուստներ և դիմավահաններ, Արագածոտնի մարզի միայնակ, անժառանգ տարեցներին, հաշմանդամություն ունեցող և խոցելի 421 անձանց Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կամավորական խմբերի աջակցությամբ տրամադրել է պարենային և պաշտպանական միջոցների փաթեթներ՝ կազմված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, ՀԿԽԸ կամավորների աջակցությամբ պարենի փաթեթներ է տրամադրել նաև Վայոց ձորի մարզի սոցիալապես խոցելի 695 ընտանիքի 2036 անչափահաս երեխաների, հեռավար կրթության հասանելիության բարձրացման նպատակով Վայոց ձորի մարզի 26 դպրոցի տրամադրել է 331 պլանշետ՝ սոցիալապես խոցելի աշակերտների համար, նույն նպատակով Գավառի մանկատան սաներին տրամադրել է 12 պլանշետ։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի է դարձել մարտի 1-ի վաղ առավոտյան: Վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին:

Հուլիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38550 դեպք, որոնցից 28997-ն` առողջացած, 738-ը` մահվան ելքով, փաստացի բուժում է ստանում 8587 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 163736 թեստավորում:

ՀՀ ողջ տարածքում 2020թ. մարտի 16-ին մտցվեց արտակարգ դրություն, որը մի քանի անգամ երկարացվել է:

Գայանե Խաչատրյան