2020-2021 ուսումնական տարվա մեկնարկի համար Վրաստանի ԿԳ նախարարությունը Առողջապահության նախարարության հետ միասին մշակել է հատուկ հանձնարարականներ: Առկա հանձնարարականների հիման վրա 2084 հանրային դպրոցում նոր ուսումնական տարին դասասենյակներում կմեկնարկի սեպտեմբերի 15-ից:
Առողջապահության նախարարության կանոնակարգերն են.
- Աշակերտների միջև 1 մետր հեռավորություն,
- Շենք մուտք գործող բոլոր անձանց համար դիմակի պարտադիր կրում, բացի աշակերտներից,
- Ցանկացած անձի շենք մուտք գործելուց առաջ ջերմաչափում և ձեռքերի ախտահանում,
- Դիմակների պահուստային առկայություն դպրոցներում,
- Զուգարանների սանիտարական մշակում ամեն դասամիջոցից հետո,
- Կես ժամանոց ընդմիջում հերթափոխների միջև, դասասենյակների և դպրոցի ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մշակում և օդափոխում,
- Ջերմող և շնչառական ախտանիշներ ունեցող աշակերտների համար ժամանակավոր մեկուսացման սենյակի հատկացում,
- Դասասենյակների օդափոխում դասամիջոցների ընթացքում,
- Դպրոցի ընդհանուր օգտագործման տարածքներում՝ միջանցք, ուսուցչանոց, աստիճան, տեղաշարժվող բոլոր անձինք՝ բացի աշակերտներից, պետք է դիմակ կրեն:
Վերոնշյալ կարգավորումները հաշվի առնելով՝ ԿԳ նախարարությունը դպրոցներին թույլ է տալիս ծրագրել ուսումնական գործընթացը: Դպրոցները ուսումնական գործընթացի ծրագրման ժամանակ հնարավորություն կունենան.
- Որոշել դասընթացների տևողությունը (նվազագույնը 30 րոպեանոց դասընթացներ)
- Որոշել դասընթացների մեկնարկի ժամանակը ըստ դասարանների (ժամը՝ 08:30-ին; 08:45-ին; 09:00-ին),
- Որոշել և կազմակերպել հերթափոխը,
- Անհրաժեշտության դեպքում մեկ հերթափոխով աշխատող դպրոցները անցնեն մի քանի հերթափոխի,
- Դպրոցներում, աշակերտների անվտանգության նկատառումներից ելնելով, ներմուծել խառը ուսուցման մեթոդ (ուսուցում ինչպես դասասենյակներում, այնպես էլ հեռավար),
- Դպրոցները չծանրաբեռնելու նպատակով կարելի է նաև օգտագործել շաբաթ օրը։
ԿԳ նախարարության որոշմամբ՝ I-IV դասարանների աշակերտների համար ուսումնական գործընթացը դասասենյակներում անցկացնելը պարտադիր է:
Անհրաժեշտության դեպքում խառը մոդելի կիրառման դեպքում V-VI դասարաններում հեռավար ուսուցում հնարավոր կլինի շաբաթական առավելագույնը 1 անգամ, VII – XI դասարանների համար՝ առավելագույնը շաբաթական 2 անգամ, իսկ XII դասարանի համար առավելագույնը 3 անգամ: