Աջարիայի Առողջապահության նախարարության տեղեկատվությամբ՝ օգոստոսի 9-ի տվյալներով Թուրքիա հանրապետություն մեկնելու համաձայնություն է ստացել 101 անձ: Նույն աղբյուրի համաձայն՝ մի քանի քաղաքացի արդեն տեղափոխվել է Թուրքիա:
Աջարիայի աշխատանքի տեղավորման գործակալության ղեկավար Թեմուր Կախիձեի խոսքով՝ թույլտվություն ստանալու համար գրանցվել է 360 քաղաքացի, դրական պատասխան ստացել է 101-ը, իսկ մնացածը մերժվել են փաստաթղթերի ոչ լրիվ լինելու պատճառով:
Նրա խոսքով՝ դրական պատասխանը չի նշանակում, որ քաղաքացին անպայման կհատի սահմանը: Համապատասխան գերատեսչությունները սահմանին կստուգեն արդյոք տվյալ անձը ունի սահմանը հատելու իրավունք, թե ոչ:
Աջարիայի Առողջապահության նախարարի խոսքով՝ Թուրքիա աշխատանքի մեկնող քաղաքացիները վերադառնալուց հետո անցնելու են 14 օրյա պարտադիր կարանտին, որի ծախսերը կհոգա պետությունը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել հատուկ հրավերի և սահմանված փաստաթղթերի առկայության դեպքում թույլ տալ Վրաստանի քաղաքացիներին մեկնել Թուրքիա: