Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը այսօրվանից Կախեթիի շրջանում սկսում է հանդիպել ընտրողների հետ և ներկայացնել մեծամասնական պատգամավորի թեկնածուին:
Առաջին հանդիպումը այսօր տեղի կունենա Թելավի քաղաքում: «Վրացական երազանքը» Թելավիի բնակչությանը կներկայացնի մեծամասնական պատգամավորի թեկնածու Իրակլի Քադագաշվիլիին:
Թեկնածուի ներկայացմանը կմասնակցեն կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, վարչապետ Գիորգի Գախարիան, ՊՆ Իրակլի Ղարիբաշվիլին և կուսակցության այլ առաջնորդներ:
Հիշեցնենք՝ «Վրացական երազանք» կուսակցությունը հուլիսի 20-ին ներկայացրեց 30 մեծամասնական պատգամավորների թեկնածուներին: Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական շրջանում որպես մեծամասնական պատգամավորի թեկնածու կուսակցությունն առաջադրեց գործող պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցության ցուցակով ընտրված Սամվել Մանուկյանին:
Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վրաստանի նոր խորհրդարանը կձևավորվի 120 համամասնական, 30 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից: