Օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք չեն կարող լքել Վրաստանը կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների պատճառով, իրավունք ունեն մնալ մինչև տարեվերջ:
Կառավարությունը նախկին որոշման մեջ փոփոխություններ է կատարել:
Հիշեցնենք` մարտի 14-ից օգոստոսի 31-ը արտոնյալ ռեժիմ էր սահմանվել այն հյուրերի համար, որոնք Վրաստանում կեցության իրավունք չունեն, ու երկրում գտնվելու օրինական ժամկետը սպառվել էր: Օգոստոսի 1-ից նրանց` Վրաստանում գտնվելը համարվում էր ապօրինի:
Այժմ նոր փոփոխություններով մարտի 14-դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում կարող են գտնվել այն օտարերկրացիները, որոնց Վրաստանում գտնվելու իրավունքը վերացել է, սակայն
- նրանք այն երկրի քաղաքացի են, որը կորոնավիրուսի տեսանկյունից ռիսկային գոտում է, կամ պետությունը մուտքը երկիր սահմանափակել է,
- տվյալ անձինք հիվանդանոցում են, կարանտինում կամ ինքնամեկուսացման ռեժիմում,
- երկիր վերադառնալու համար նրանց խանգարում է ավիահաղորդակցության բացակայությունը: Ըստ Վրաստանի օրենքի` երկրում գտնվելու օրինական ժամկետը լրանալու դեպքում քաղաքացին պարտավոր է լքել Վրաստանը, հակառակ դեպքում քաղաքացուն սպառնում է տուգանք կամ վտարում` 2-5 տարի մուտքի արգելքով: Նման որոշում ընդունում է Ներքին գործերի նախարարությունը. յուրաքանչյուր դեպքի համար անհատական որոշում է կայացվում:
Ինչ վերաբերում է տուգանքին՝ ժամկետը լրանալուց հետո 3 ամսվա ընթացքում տուգանքը 180 լարի է (մոտ 60 դոլար), որից հետո կրկնապատկվում է: