Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահ է, որ իր անձը չի անհետանալու եվրոպական ռադարներից, իսկ Վրաստանը մեծ վտանգի առաջ է:
Այս մասին Սաակաշվիլին ասել է TV Pirveli վրաստանյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` մեկնաբանելով աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները:
«Ես կարող եմ վարչապետի թեկնածու դառնալ` Եվրոպայի ամենամեծ երկրում: Կարող եք ծանոթանալ ուկրաինական լրատվությանն ու համոզվել դրանում: Այդ պատճառով ծիծաղելի ու տարօրինակ է խոսել իմ թեկնածությունը ստիպողաբար առաջադրելու մասին: Պետք է խոսենք ոչ թե այդ մասին, այլ նրա, որ Վրաստանը կարող է ոչնչանալ որպես երկիր: Իվանիշվիլին ուզում էր, որ Սաակաշվիլին կորչի եվրոպական ռադարներից․ ես շատ հստակ եմ ներկայացված եվրոպական ռադարների վրա, իսկ Վրաստանն այնտեղ այլևս չկա: Ի տարբերություն գավառական քաղաքական գործչի` ինձ համար իմ երկիրն ավելի բարձր է կանգնած իմ համեստ անձից», — այսպես է արտահայտվել սաակաշվիլին:
Նախկին նախագահը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ միավորման և արագ գործելու կարիք կա` առաջիկա ընտրություններում Իվանիշվիլիի ռեժիմի «վերջը տալու» համար: