Օտարերկրյա այն քաղաքացիները, որոնց համար Վրաստանում գտնվելու ժամկետը լրացել է, պարտավոր են լքել երկիրը:
Օգոստոսի 1-ին լրացել է երկրում առանց կեցության իրավունքի գտնվող քաղաքացիների համար կարանտինով պայմանավորված արտոնությունների ժամկետը (արտոնություններ սահմանվել էին մարտի 14-ին):
Ժամկետը լրանալիս օտարերկրյա քաղաքացու` Վրաստանում գտնվելը համարվում է ապօրինի, քաղաքացին տուգանվում է 180 լարիով (մոտ 60 դոլար), իսկ եթե քաղաքացին 3 ամսվա ընթացքում ևս չի լքում երկիրը, տուգանքը կրկնապատկվում է:
Վրաստանի հյուրերը հնարավորություն ունեն դիմում ներկայացնելու` երկրում գտնվելու օրինական ժամկետը երկարաձգելու համար, սակայն այն բավարարելու համար որևէ երաշխիք չկա:
Տարբեր երկրների քաղաքացիների համար Վրաստանում գտնվելու օրինական ժամկետները տարբեր են: Օրինակ ՀՀ կամ ՌԴ քաղաքացիների համար 1 տարի է:
Օտարերկրացիները հնարավորություն ունեն դիմել կեցության իրավունքի համար, սակայն շատերը նախընտրում են մեկ անգամ Վրաստանի սահմանը հատելու տարբերակը` այդպիսով ևս մեկ անգամ երկրում գտնվելու իրավունք ստանալով:
Հիշեցնենք` մարտի 21-ին Վրաստանում արտակարգ դրություն հայտարարվեց, երկրում լիովին դադարեցվեց ավիահաղորդակցությունը, փակվեցին նաև ցամաքային բոլոր սահմանները: Մայիսի 23-ին արտակարգ դրությունը հանվեց, սակայն սահմաննեը փաստացի փակ են մնում։ Տարբեր երկրներ միայն չարտերային չվերթներ են կազմակերպում` քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատալով: Սեփական քաղաքացիների համար երկրների սահմանները չեն փակվել ոչ մի օրով: