«Նոր Վրաստանի» առաջնորդ Գիորգի Վաշաձեի համոզմամբ՝ նա անպայման դառնալու է Վրաստանի վարչապետ: Այս մասին Վաշաձեն մի քանի անգամ հայտարարել է տարբեր հեռուստաընկերություններում տված հարցազրույցների ժամանակ:
«Ես ուղիղ եմ ասում՝ դառնալու եմ այս երկրի վարչապետը, քանի որ իմ գլխավոր նպատակն է, որ այս երկրում սոված երեխա չլինի և ոչ մեկ ստիպված չլինի աղբամանների միջից ուտելիք գտնել: Հենց այդ պատճառով մենք ստեղծեցինք «Շինարար ռազմավարությունը» և գրեցինք բազմաթիվ ծրագրեր»,- հայտարարել է Վաշաձեն:
Գիորգի Վաշաձեն իր «Նոր Վրաստան» հարթակով և Թամար Չակվիանին՝ իր ստեղծած «Օրենք և արդարություն» շարժմամբ կազմել են ընդհանուր քաղաքական հարթակ, որով պատրաստվում են մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Հարթակը կոչվում է «Շինարար ռազմավարություն», որի շնորհանդեսը տեղի ունեցավ հուլիսի 30-ին և թիմը վարչապետի թեկնածու հայտարարեց հարթակի առաջնորդ Գիորգի Վաշաձեին: