Վրաստանի իշխող Վրացական երազանք կուսակցությունը, որը հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում հավաքել է ձայների մեծամասնությունը, պատրաստվում է գործող վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը կրկին առաջադրել Կառավարության ղեկավարի պաշտոնի համար: Այս մասին հայտարարել են խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները: «Մեր թիմը վարչապետի պաշտոնում տեսնում է միայն Կվիրիկաշվիլիին, քանի որ նա Վրաստանի համար լավագույն վարչապետն է»,— հայտարարել է Վրացական Երազանքից Մամուկա Մդինարաձեն, տեղեկացնելով նաև, որ նոր Կառավարությունում որոշակի փոփոխություններ կլինեն. «Փոփոխություններ կլինեն, սակայն ոչ արմատական: Այս հարցում վերջնական կկողմնորոշվենք այն բանից հետո, երբ կհասկանանք, թե ով է լինելու նոր Խորհրդարանում»։
Ըստ Վրաստանի Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական է տալիս ընտրություններից անմիջապես հետո: Խորհրդարանում 76 տեղից ավել ունեցող կուսակցությունը ներկայացնում է Կառավարության ղեկավարի իր թեկնածուին, ով ձեւավորում է նոր Կառավարության կազմը: