Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ Դավիթ Մաթիկաշվիլին «Բաց եթեր» հաղորդման ընթացքում խոսել է կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի մասին և նշել, որ վերջինս հանդիսանում է կուսակցության առաջնորդը և պարզ է, որ արդեն մասնակցում է ընտրական գործընթացին:
Մաթիկաշվիլիի խոսքով՝ կուսակցությունը այժմ աշխատում է համամասնական ցուցակը կազմելու վրա, որը մոտավորապես 1 ամսից՝ մինչև սեպտեմբեր կամ սեպտեմբերի սկզբին պատրաստ կլինի:
«Ցուցակը համալրված կլինի ինչպես փորձառու «Վրացական երազանքի» անդամներով, այնպես էլ նոր դեմքերով: Շատ կարևոր է նաև, որ «Վրացական երազանքի» կողմից խորհրդարանում ընդունվեց գենդերային քվորտավորման օրինագիծը: Հանրությունը կտեսնի ինչպես նոր դեմքեր, այնպես էլ հին՝ արժանի դեմքեր, որոնց օգնությամբ ընտրությունները 2020 թվականին կավարտվեն «Վրացական երազանքի» հաղթանակով»,- հայտարարել է Մաթիկաշվիլին:
Հիշեցնենք՝ վերջին շրջանում ակտիվ քննարկվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին Բիձինա Իվանիշվիլիի մասնակցությունը և կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարում ընդգրկվելը:
«Վրացական երազանք» կուսակցությունը հուլիսի 20-ին ներկայացրեց 30 մեծամասնական պատգամավորների թեկնածուներին: Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական շրջանում որպես մեծամասնական պատգամավորի թեկնածու կուսակցությունն առաջադրեց գործող պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցության ցուցակով ընտրված Սամվել Մանուկյանին:
Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վրաստանի նոր խորհրդարանը կձևավորվի 120 համամասնական, 30 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից: