Թբիլիսիում, Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար մասնագիտական և բարձրագույն կրթության հասանելիության աջակցության թեմայով պանելային քննարկում է անցկացվել:
Քննարկումը կազմակերպել է Հաշտեցման և քաղաքացիական հարցերով պետնախարարի գրասենյակը: Միջոցառման ընթացքում ներկայացվել են էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար մասնագիտական և բարձրագույն կրթության հասանեության հետ կապված տեղեկատվական քարոզարշավի արդյունքները, ինչպես նաև պարգևատրվել են մասնակից երիտասարդները:
Խոսքն այն ծրագրի մասին է, որի մեկնարկը տրվել է նախորդ տարվա հոկտեմբերին: Ծրագրի շրջանակներում «1+4» վրաց լեվի նախապատրաստական կուրսի շրջանավարտները, որ էթնիկ հայ կամ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներ են, իրազեկել են համագուղացիներին ու հայերով և ադրբեջանցիներով բնակեցված այլ գյուղերի, բնակավայրերի երիտասարդներին:
Արմենուհի Շիրինյանը միջոցառման մասնակիցներից մեկն է, մեզ հետ զրույցում կիսվում է ծրագրի ընթացքում իր աշխատանքով ու նկատում. «1+4» ծրագրի մասին բազմաթիվ ապատեղեկատվություններ են շրջանառվում, օրինակ, շատերը կարծում են, որ ծրագիրը դադարեցվել է:
«Մեր կատարած աշխատանքի արդյունքն ակնհայտ է՝ «1+4» ծրագրով ընդունվողների քանակն ավելանում է: Մենք թրեյնինգներ ենք անցկացրել 6 գյուղում՝ Կարծախում, Կաջոյում, Վարևանում, Սոլդայում, Խանդոյում և Բուղաշենում»:
Արմենուհին նշոմ է նաև, որ հանդիպումների ընթացքում մասնակիցներն ասել են, թե քիչ են տեղյակ եղել ծրագրի մասին, տարածաշրջանում լեզվի խնդիրը հաշվի առնելով, չեն կարողացել ստույգ տեղեկություն գտնել՝ արդյո՞ք ծրագիրը շարունակվում է, մտածել են՝ ուսումը կշարունակեն Հայաստանում:
Քննարկման ընթացքում Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի պաշտոնակատար Լիա Գիգաուրին հայտարարել է, որ ծրագիրը շարունակական բնույթ կստանա:
Քննարկումից հետո ծրագրի մասնակիցները պարգևատրվել են պետնախարարության կողմից:
Հիշեցնենք՝ էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված վրաց լեզվի նախապատրաստական ծրագիրն այս տարի 10 տարեկան է դառնում: 10 տարվա ընթացքում ծրագրով սովորել է 5510 ազգությամբ ադրբեջանցի և 2653 ազգությամբ հայ:
Ծրագիրն էթնիկ փոքրամասնությունների ներայացուցիչներին հնարավորություն է տալիս հանձնել 1 բուհական ընդունելության քննություն՝ 4-ի փոխարեն, այն էլ՝ մայրենի լեզվով, այնուհետև 1 տարվա ընթացքում սովորել վրաց լեզու: Վրաց լեզվի նախապատրաստական կուրսն ավարտելուն պես պետհամալսարանների ուսանողները ուսումը շարունակում են իրենց ընտրած ֆակուլտետներում՝ բոլոր մնացած քաղաքացիներին հավասար: