Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հայտարաություններն առ այն, որ «Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով Հայաստանը Վրաստանի միջոցով զենք է ստացել Սերբիայից»:
«Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի կողմից տարածվել է ապատեղեկատվական բնույթի հրապարակում, որը պարունակում է բազմաթիվ անճշտություններ: Ցավալի է, որ ադրբեջանական, կարծես թե լուրջ ինտերնետ կայքը փաստերն օբյեկտիվորեն չի ներկայացնում, հանրությանը սուտ տեղեկություն է փոխանցում և փորձում է ստվեր գցել վրաց-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և բարեկամության վրա»,- նշված է նախարարության հայտարարության մեջ:
Արտգործնախարարությունը հայտարարում է, որ հոդվածը երկու ռազմավարական գործընկերների միջև արհեստականորեն խնդիրներ ստեղծելու նպատակ ունի:
«Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Վրաստանն ու Ադրբեջանը կապված են ռազմավարական գործընկերությամբ և երկու ազգի երկարամյա բարեկամությամբ, որը զարգանում է և խորանում: Երկու երկրներն էլ կարևոր դեր ունեն տարածաշրջանում և միասին իրականացնում են բազում կարևոր տարածաշրջանային և միջազգային նախագծեր»,- հայտարարում է նախարարությունը:
Վրաստանի առաջատար լրատվամիջոցները տարածել են ԱԳՆ-ի այս հայտարարությունը:
Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանին ընթացող հակամարտության հետ կապված «haqqin.az» ադրբեջանական լրատվամիջոցը խմբագրական հոդված է հրապարակել: Խմբագրության պնդմամբ՝ նրանք տեղեկություն ունեն առ այն, որ «ՀՀ-ն մի քանի օր առաջ սկսել է պատրաստվել Ադրբեջանի վրա հարձակվելուն ու ռազմական օգնություն է ստացել Սերբիայից՝ Վրաստանով տարանցման միջոցով»: Նշվածի հետ կապված Ադրբեջանը որևէ պաշտոնական հայտարարություն չի արել:
Նյութում նշված է նաև, որ վերջին օրերի ընթացքում Հայաստանը նույնպես Վրաստանի միջոցով զենք է ստացել նաև Ռուաստանից. խոսվում է կամազ մակնիշի մեքենաների մասին, որոնց վրա ռազմական նյութեր են տեղադրված եղել: Նյութում նշված է, որ հենց այս զենքով է ՀՀ-ն կրակ բացել Ադրբեջանական գյուղերի ուղղությամբ, չնայած որ նման տեղեկությունը հերքվել է պաշտոնական Երևանի կողմից:
Հոդվածում խոսվել է նաև այն մասին, որ Ադրբեջանը բազմիցս օգնել է Վրաստանին, հատկապես 2008-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ:
«Այս ամենի ֆոնին Վրաստանի պահվածքը էլ ավելի մեծ վրդովմունք է առաջացնում: Չէ՞ որ Վրաստանը մի քանի տարի առաջ արգելել է իր տարածքով Հայաստանի ուղղությամբ զենքի տեղափոխումը: Ինչո՞ւ է բացառություն թույլ տվել Սերբիայի համար: Միթե՞ Թբիլիսին չգիտեր, թե Հայաստանն ինչ նպատակով է օգտագործելու այդ զենքը»,- նշված է խմբագրականի մեջ:
Որպես վերջաբան՝ լրատվամիջոցը հայտարարել է, որ վրացական կողմը բազմաթիվ անգամ սխալներ է թույլ տվել Ադրբեջանի նկատմամբ, սակայն չնայած դրան, այս երկու երկրի բարեկամությունը դարերի փորձ ունի և հեշտ չէ վերացնել այն: Խմբագրությունը գրել է, որ Վրաստանից պաշտոնական բացատրություն է ակնկալում:
Նշենք, որ վերոնշյալ լրատվամիջոցը հաճախ աչքի է ընկնում իշխանամետ հրապարակումներով, ինչպես նաև իրադարձություններն «ուռճացրած» ներկայացնելու միտումով:
Հատկանշական է, որ Ադրբեջանում Սերբիայի դեսպանի պաշտոնակատարը Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել հարցի վերաբերյալ բացատրություն տալու, որտեղ նշել է, որ «տեղեկություն չունի զենքի տեղափոխման մասին»: