Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի տեղեկատվությամբ՝ ոչ վրացալեզու դպրոցների «պրակտիկոսի» կարգավիճակ ունեցող ուսուցիչները համակարգում կմնան մինչև 2023 թվականը:
Ազգային կենտրոնի տեղեկատվությամբ՝ մանկավարժների մեծամասնությունը, որոնք չեն կարողացել «պրակտիկոսի» կարգավիճակը փոխել, ոչ վրացալեզու դպրոցներից են: Նրանց համար դժվարություն են առաջացրել մասնագիտական ունակությունների քննությանը վրաց լեզվով տեքստերն ու վրացերենով ձևակերպված առաջադրանքների պայմանները:
Կենտրոնը ոչ վրացալեզու դպրոցների «պրակտիկոսի» կարգավիճակ ունեցող ուսուցիչներին աջակցելու համար առաջարկում է վրաց լեզվի կուրսեր, քանի որ ըստ կենտրոնի՝ մանկավարժները պարտավոր են սովորել պետական լեզուն:
Իսկ պետական լեզվին տիրապետելուց հետո մանկավարժները կկարողանան անցնել մասնագիտական զարգացման կուրսեր և թրեյնինգներ, ինչից հետո հնարավորություն կունենան հանձնել մասնագիտական ունակությունների քննությունը և բարձրացնել իրենց կարգավիճակը: