Մենք «ЦК»-ի աշխատող չենք, պետության փարա ուտող չենք

Հիմա, երբ Վրաստանի 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները մեծամասամբ ամփոփված են, ձեզ եմ ներկայացնում տպավորություններս Ջավախքում ունեցած ընտրական աշխատանքային օրվանից:

1

Վստահեցնում եմ, բոլոր ոչ ջավախցիների համար մեծ փորձ է գտնվել տեղում և իրականում տեսնել այն ինչի մասին կամ չեն խոսում, կամ՝ խոսում են շատ քիչ:

Տպավորիչ էր ամեն ինչ. Հողագործի ձեռքեր, կանաչ և կապուտաչյա մարդիկ, զգուշորեն հետաքննող հայացքներ և իհարկե՝ շքեղ մեքենաներ, որոնց համարանիշերից քաղաքի կարծես թե բոլոր բնակիչները հասկանում էին, թե ով է իրավիճակի տերը:

Բայց ամեն ինչի մասին հերթով…

2

Ընտրություններին 46-րդ մեծամասնական ընտրատարածքում մասնակցել է ընդհանուր բնակիչների 50,45%, այսինքն մոտ 26 հազար մարդ: Այսօր արդեն պարզ է, որ մասնակցողների մեծ մասը քվեարկել է 1999 թվականից պատգամավոր հանդիսացող Հենզել Մկոյանի օգտին (63,97%), ինչի արդյունքում նա պատգամավոր կլինի նաև Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանում: Երկրորդ տեղում է 16,92 %-ով «Միացյալ ազգայի շարժման» թեկնածու Արսեն Կարապետյանը, իսկ երորդը՝ Աշոտ Սաարյանն է «Ուսուփաշվիլի-հանրապետականներ»-ից՝ 6,97%-ով: Մնացած թեկնածուները հավաքել են 5 տոկոսից պակաս ձայներ:

14593437_1459874637362499_1746318142_nԱռաջինն այցելել եմ Նինոծմինդայի թիվ 3 դպրոցը, որտեղ առավոտյան 8։15-ի դրությամբ ընտրություններին մասնակցել էր մոտ 30 քաղաքացի։ Մեր այնտեղ գտնվելու պահին, ընտրելու իրենց հերթին էին սպասում 20-ից ավելի ընտրողներ: Հանձնաժողովի նախագահ Արարատ Դարբինյանը վաղ առավոտվա նման ակտիվությունը բացատրում էր նրանով, որ մարդիկ շտապում էին քաղաքացիական պարտքը կատարել եւ դաշտ հասնել կատոֆիլ հավաքելու:

«Առաջին ընտրողը եկավ, ստուգողական թերթը լրացրինք իր ազգանունով։ Տեսեք ինչ հերթ է, այսպիսի ակտիվություն որտե՞ղ եք տեսել: Իհարկե այսքան շուտ գալը աշխատանքներից էլ է կախված, շտապում են գնալ իրենց գործին: Այնքան պարտաճանաչ են, որ գործերը թողած մարդիկ եկել են: Շատ շնորհակալություն իրենց ակտիվության համար»,- ասում է Արարատ Դարբինյանը:

Նինոծմինդայից հետո ուղևորվեցի Ախալքալաք: Շրջանի գյուղերից առաջինը ուր այցելեցի Jnews-ի գործընկերոջս հետ՝ Բալխո գյուղն էր: Ընտրողների ընդհանուր թվաքանակն այստեղ կազմում էր 426 հոգի, որից գրեթե կեսը մասնակցել էր ընտրություններին (203 ընտրող): Ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, Բալխոյի ընտրողների մեծ մասը նախապատվությունը տվել էր իշխող «Վրացական երազանքի» թեկնածու Հենզել Մկոյանին (148 ձայն)։ Մյուս թեկնածուների ձայները բաշխվել էին 14, 15, 17 համամասնությամբ, անվավեր էր ճանաչվել 6 քվեաթերթիկ:

Հաջորդը 695 ընտրող ունեցող Արագվի գյուղն էր։ Այստեղ մասնակցությունը շուրջ 30 տոկոս էր կազմել՝ 245 ընտրող: Արագվիի ընտրողների մեծամասնությունը Մկոյանին էր ձայն տվել (111 ձայն), մնացած թեկնածուները էապես քիչ ձայներ էին ստացել՝ 23, 32, 5, 52 և 4 համամասնությամբ, անվավեր 18 քվեաթերթիկով: Արագվիի 12-րդ ընտրատեղամասում գտնվելուս ժամանակ մի հետաքրքիր միջադեպի ականատեսը դարձա: Նախ, ինչպես բոլոր գյուղերում, այստեղ եւս խիստ ուշադրությամբ զննում էին, թե՝ ո՞վ ես, որտեղի՞ց ես եկել և ո՞ր կուսակցության կամ թեկնածուի շահերն ես ներկայացնում։ Ու որքան էլ ասում էի, որ լրագրող եմ, միևնույն է կասկածով և գուցե վախով ու զսպվածությամբ էին վերաբերվում: Սա իմ այցելած գյուղերից առաջինն էր, որտեղ գյուղապետը ընտրատեղամասի դռների մոտ կանգնած էր՝ չնայած նրան, որ արդեն իսկ ընտրել էր:

2Մի քանի րոպե անց տեղամասի առջեւ կանգնեց մի մեքենա, որից դուրս եկող մի ողջ ընտանիք քաղաքացիական պարտքը կատարելու էին բերել տան ավագին՝ տատիկին, ով, սակայն, ֆիզիկական խնդիրներից ելնելով չկարողացավ մեքենայից դուրս գալ: Տիկնոջ համար դուրս բերեցին բոլոր անհրաժեշտ պարագաները եւ տարեց կինը՝ դիտորդի ներկայությամբ, իր ընտրությունը կատարեց հենց մեքենայում: Այս ամենը ընթանում էր շատ խաղաղ մթնոլորտում, կարծես շրջիկ արկղի մասին մոռացել էին բոլորը:

Համերաշխ ընտանեկան այս կոլորիտային վիճակը մտքում ուղևորվեցինք դեպի Գոմանի գյուղը։ Այստեղ ընտրողների ընդհանուր քանակը կազմում էր 763 հոգի, որից ընտրություններին մասնակցել է 440 հոգի: Չեմ զարմացնի, եթե ասեմ, որ այս գյուղի բնակիչների ճնշող մեծամասնությունը նույնպես քվեարկել է 41-րդ համարը ներկայացնող Հենզել Մկոյանի օգտին։

3 Գոմանիի ընտրողների շարքում ակտիվ էին մեծահասակ կանայք, իսկ նրանցից մեկը աչքի էր ընկնում ձեռքի հատվածում ունեցած դաջվածքով:

dsc_0037Գյուղից-գյուղ ճանապարհորդելիս դաշտերը լի էին կարտոֆիլի բերքահավաքով զբաղված գյուղացիներով: Որոշեցինք կանգ առնել և խոսել դաշտում օր ու գիշեր քարից ջուր քամող, ձեռքերն աշխատանքից քարի ամրության կոշտուկներով մարդկանց հետ, ովքեր արդեն հասցրել էին կատարել իրենց ընտրությունը: Բոլորն ասում էին, որ վաղ առավոտյան գնացել են ընտրատեղամասեր ու կատարել ընտրությունը:

4Ընտրությունների մասին էլ ասում էին թե․ «Սարեր խոսք կուդան, կեղնին պրծնին ձորերն էլ կկորի։ Մենք «ЦК»-ի (նկատի ունի ԽՍՀՄ Կենտկոմը, հեղ․) աշխատող չենք, պետության փարա ուտող չենք»: Ի դեպ, Ջավախքից ինձ հետ բերած թերեւս ամենալավ նորությունը, գյուղացիների գոհունակությունն էր կարտոֆիլի առատության հետ կապված:

Հասանք նոր «տեսարժան» վայր…

14642906_1462910963725533_1029744032_n

Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է կայացվել որոշում, որ Բուղաշեն գյուղում առկա նորակառույց և մարդուն վայել պայմաններ ունեցող դպրոցի փոխարեն ընտրությունները անց էին կացվում գյուղի հին, ավերակներ հիշեցնող նախկին դպրոցում:

11304540_375682609293797_164954946_n  dsc_0041

Բուղաշենում եւս պաշտոնական տվյալներով հաղթել է իշխող կուսակցությունը ներկայացնող Մկոյանը, 206 ընդհանուր ձայնից՝ 168-ը ստանալով: Գյուղում ընտրողների ընդհանուր թվաքանակը կազմում է 421 հոգի:

14627805_1461149277235035_508942355_nՇարժվեցինք առաջ՝ դեպի Զակ գյուղը: Թարմ ձուկ վայելող հանձնաժողովի նախագահին հաճելի գործից կտրելով փորձեցինք ճշտել, թե ինչպե՞ս է ընթանում ընտրական գործընթացը, ինչին ի պատասխան նա ասաց, որ ամեն ինչ կարգին է նույնիսկ դաշտում աշխատող գյուղացիներին ընտրատեղամաս բերելու համար ունեն 2 մեքենա։ Հարցիս, թե ի՞նչ միջոցներով են ապահովում այս մեքենաները, հանձնաժողովի նախագահը ասաց՝ «Հենզելն է ապահովել», ապա իր իսկ պատասխանից շփոթված իրենց հետ ձուկ ուտելու հրավիրեց։ Պետք է նշեմ, որ ոչ միայն այս, այլեւ մեր այցելած մնացած բոլոր գյուղերում, անկախ իրավիճակից ու պայմաններից, մեզ անվերջ հրավիրում էին ճաշի կամ սուրճի: Զակում ընտրության էր մասնակցել 397 ընտրող, որից 124-ը Հենզելի օգտին էր քվեարկել, 85-ը՝ այլոց:

Հաջորդը մեզ էր սպասում Օրջան, որտեղ 452 ընդհանուր ընտրողներից, ընտրություններին մասնակցել է 293-ը, կրկին մեծամասամբ աջակցելով Մկոյանին (261 ձայն)։

dsc_0078Վարեւան գյուղի ընտրատեղամասը իսկապես նկարագրում էր այն իրավիճակը, որը տիրում էր Ջավախքի մեր այցելած գյուղերի մեծ մասում: Ընտրատարածքի դիմաց գյուղացիներից մեկը փռել էր օրվա բերքը, իսկ մի քանի մետր այն կողմ՝ դպրոցի տարածքն էր, որտեղ էլ ընթանում էին ընտրությունները: Այսպես միմյանց հետ համերաշխ՝ բերքահավաքն ու դեմոկրատիան։

Ալաստանի ընտրատեղամասը տարբերվում էր մնացածից նրանով, որ բակում կայանել էին ոչ միայն Հենզել Մկոյանի լուսանկարով երթուղային տաքսիներ, այլ նաև 5-րդ համարը ներկայացնող Արսեն Կարապետյանի լուսանկարով մեքենա:

dsc_0098 dsc_0100

Այս հանգամանքը, սակայն, էապես չի ազդել ընտրությունների վերջնարդյունքի վրա։ Ալաստանիում, ինչպես շրջանի գյուղերի մեծ մասում, հաղթող է ճանաչվել Հենզել Մկոյանը, 354 ձայնից՝ ստանալով 172-ը։ Պետք է ասել, սակայն, որ ընդդիմադիր Արսեն Կարապետյանն այստեղ եւս մեծաթիվ ձայներ է ստացել (132):

14627907_1461149317235031_1040897690_nՄեր այցելած վերջին գյուղը Խանդոն էր: Ոչ պակաս հետաքրքիր և ակտիվ գյուղ, որտեղ մի երիտասարդ անընդհատ մեքենայով բերում էր գյուղի բնակիչներին։ Հարցիս, թե ո՞ր կուսակցությանն է նա աջակցում, հնչեց անթաքույց «5 համարին» պատասխանը։ Պատկերացրեք՝ այնպես է աջակցել, որ Խանդոն մեր այցելած գյուղերից թերևս միակն է, որտեղ հաղթել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Արսեն Կարապետյանը։ Նա 10-ով գերազանցել է Մկոյանի ցուցանիշին՝ ստանալով 125 ձայն:

Տարածքում իրավիճակը ողջ օրվա ընթացքում թեժ է եղել: Առավոտյան կարտոֆիլի դաշտեր շտապող մարդիկ էին, ցերեկվա ժամերին դաշտից բերված մարդիկ, իսկ երեկոյան, իրենց խոսքերով՝ «կովի տակից» եկածները: Այս գյուղում, որտեղ բավականին մեծ էր ընտրողների թվաքանակը (1034), մեծ էր նաև դիտորդների ուշադրությունը։ Հանդիպածս թերևս ամենաակտիվ դիտորդները հենց Խանդոյում էին։ Գյուղի ընտրատեղամաս օրվա ընթացքում մի քանի անգամ այցելեցինք։ Դրանցից մեկի ժամանակ, դեռ նույնիսկ տեղամաս չէինք հասել, երբ դուրս վազելով դիտորդներից մեկը արագ ներս կանչեց, քանի որ Թբիլիսիից ժամանած դիտորդը չէր կարողանում հասկանալ, թե ի՞նչ պատճառով են վիճում ընտրատեղամասում գտնվող մեկ այլ կուսակցական դիտորդն ու հանձանժողովի նախագահը: Մեր՝ լրագրողներիս ներս մտնելուն պես, ընտրատեղամասում լռություն տիրեց։ Ինձ արգելեցին նկարել, ասացին․ «Սա ընտանեկան վեճ է»:

Երկար է կարելի խոսել Ջավախքից բերած տպավորություններիցս, սակայն կավարտեմ կապուտաչյա գյուղապետով, ով ինձ առաջարկում էր շրջանի բարիքներից, միայն թե հեռացնեմ մի լուսանկար, որտեղ նրա կարծիքով խախտում էի արձանագրել։ Ասում էր՝ «Շառից, փորձանքից հեռու, ինտերնետ հանկարծ չընկնի»:

Այսպես նոր խոստումեր ստացած մարդիկ փորձում էին անել ամեն ինչ, որպեսզի հուսախաբ չանեն «նորընտիր դեպուտատին»՝ նրա հանձնարարականները լավ կատարելով: Ինչպես ասում էին Ջավախքում, այնտեղ ընտրում են ոչ թե ըստ կուսակցության, այլ թե ով է թեկնածուն:

Ակամայից հիշեցի՝

Մին էլ, ըհը՛, սոված-սոված

Գելը եկավ ըռեխը բաց։

— Էս սարը իմն է, Էս ծառը իմն է…

Թողնել պատասխան