Մառնեուլիի 48 ընտրատեղամասի վրա հարձակման մեջ ՄԱՇ-ն է մեղավոր. Ալի Բաբաև

Վրաստանի խորհրդարանական ընտրություններից արդեն գրեթե մեկ շաբաթ է անցել, սակայն մամուլում այն գլխավոր թեմաներից մեկն է մնում։

Հոկտեմերի 14-ին ընտրությունների թերևս ամենաթեժ կետի՝ Մառնեուլիի թիվ 48 ընտրատեղամասում տեղի ունեցած  ընդհարմանն է անդրադարձել «Վրաստանում ադրբեջանցիների ազգային կոնգրես»-ի ղեկավար Ալի Բաբաևը:

Նրա խոսքով, ընտրություններն  ընդհանուր առմամբ ընթացել են ժողովրդավարական սկզբունքներին համապատասխանող պայմաններում.

«Վրաստանի բոլոր անկյուններում շատ հանգիստ են  ընթացել ընտրությունները․Արտակարգ դեպքեր գրեթե չեն գրանցվել: Կարող եմ ասել, որ ընտրությունները անցել են բաց, թափանցիկ և ժողովրդավարական պայմաններում: Հաճելի է, որ երկրում այլևս չի գործում Սահմանադրական անվտանգության վարչությունը, որն  ահաբեկում էր ընտրողներին և պատգամավորներին»:

Անդրադառնալով Մառնեուլիի թիվ 48 ընտրատեղամասին, Բաբաևը հայտնեց իր մտահոգությունը՝ պատահարի մեջ մեղադրելով ընդդիմադիր  «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներին.

«Վրաց հասարակությունը պետք է իմանա, որ ադրբեջանական ողջ համայնքը մտահոգված է Մառնեուլիի դեպքերով: Այս հարձակման մասին, որի պատասխատվությունը կրում է «Միացյալ ազգային շարժմում»-ն(ՄԱՇ) ու նրա անդամները, ես ավելի վաղ էի տեղյակ: «Միացյալ ազգային շարժում»-ը ընտրել էր այնպիսի տեղամասեր, որտեղ նրանց հաղթանակի շանսերը բավականին քիչ էին: Ահմեդ Իմամկուլիևն ու Իսրաֆիլ Բայրամովն էին հրահրել երիտասարդներին,  նույնիսկ անչափահասներին հարձակվել ընտրատեղամասի վրա: Ձերբակալված  6 անձանց հետևում նույնպես նրանք են կանգնած»:

Բաբաևը կոչ արեց Վրաստանի իրավապահ մարմիններին արժանի պատասխան տալ այդ դեպքերին՝ պատժելով երեխաներին հրահրողներին:

Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ «Միացյալ ազգային շարժման» անդամ Ահմեդ Իմամկուլիևից բացի հավաքված բազմությանն առաջնորդում էր  նաև Պաատա Բուրճուլաձեի «Պետությունը ժողովրդի համար» կուսակցության անդամ Իսրաֆիլ Բայրամովը՝ Բաբաևը նշեց.

«Արդեն  20 տարի է քաղաքականության մեջ եմ, ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ «Միացյալ ազգային շարժման» և  Պաատա Բուրճուլաձեի կուսակցության միջև տարբերություն չեմ տեսնում»:

Հիշեցնենք,  հոկտեմբերի 8-ին Մառնեուլիին հարակից ադրբեջանաբնակ Ղիզիլ-Աջլո գյուղի թիվ 48 ընտրատեղամասը քարկոծվել  էր  բնակչության  կողմից, վիրավորվել էին  անվտանգության մի խումբ աշխատակիցներ։ Դեպքի վայր էին  ժամանել երկրի Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները, ձերբակալվել է 6 քաղաքացի:

 

Թողնել պատասխան