Վրաստանում շարունակվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված սահմանափակումների փուլերով վերացման գործընթացը: Հուլիսի 8-ի կառավարության որոշմամբ՝ Վրաստանը իր սահմանները բացեց 5 երկրների համար, որտեղից էլ կընդունի առաջին զբոսաշրջիկներին: Ավելի վաղ որոշում կայացվեց բացել լողավազաններն ու մարզասրահները:
Ըստ կառավարության՝ քննարկումներ են ընթանում նաև բաց տարածքներում մշակութային միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ հատուկ հանձնարարականներ մշակելու նպատակով:
Չնայած սահմանափակումների նվազմանը՝ դրանցից մի քանիսը դեռ ուժի մեջ են մնում Վրաստանում: Դեռևս գործող սահմանափակումներն են՝
- փակ տարածքներում, հանրային հաստատություններում, հանրային տրանսպորտում, գրասենյակներում և խանութներում պարտադիր է դիմակ կրելն և սոցիալական հեռավորություն պահպանելը,
- հանրային տրանսպորտում արգելվում է առանց դիմակ մուտք գործել և միացնել օդորակիչ,
- ԲՈՒՀ-երում ուսումնական գործընթացն ընթանում է հեռավար,
- խաղատների և տոտալիզատորների աշխատանքն արգելված է (հնարավոր է միայն առցանց),
- տաքսիի վարորդները պետք է կրեն դիմակ, չի թույլատրվում տաքսիով 2-ից ավել ուղևորի տեղափոխումը,
- փակ տարածքներում արգելվում է մշակութային և սպորտային միջոցառումներ անցկացնել,
- արգելվում է 10-ից ավել մարդու հավաքը այնպիսի միջոցառումներին, ինչպիսիք են հարսանիքը, թաղման արարողությունները, տարեդարձը և այլն:
Հարկ է նշել, որ Վրաստանի խորհրդարանը օրեր առաջ երկարածգեց հունիսին ընդունված օրենքի նախագծի ժամկետը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը, ինչը ենթադրում է, որ կառավարությունը առանց երկրում արտակարգ դրություն հայտարարելու կարող է մի շարք սահմանափակումներ սահմանել: