Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն ասել է, որ Վրաստանը պատրաստ է համապատասխան աջակցություն ցուցաբերել հարևան Հայաստանին, դա կախված է հայկական կողմից ու այն կարիքներից, որոնք հայերը կունենան ու կասեն:
Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին Վրաստանի իշխանություններն առաջին անգամ չէ, որ խոսում են: Հայտարարություն էր եղել ինչպես երկրի ԱԳՆ-ի, այնպես էլ հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի կողմից: Առաջարկվել էր ՀՀ քաղաքացիների նմուշառումները հետազոտել Լուգարի լաբորատորիայում: Նաև PCR թեստեր նվիրելու պատրաստակամություն էին հայտնել: Հայաստանի կողմից աջակցության խնդրանք չի եղել: Հունիսի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր` հոսպիտալացման կարիք ունեցողներ կան, բայց կլինիկաներում տեղ չկա: ՀՀ-ին աջակցելու առաջարկով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստորագրահավաք էր սկսվել: Վիրահայերի կողմից մի քանի տասնյակ շնչառական սարք է գնվել և ուղարկվել ՀՀ, նաև դրամահավաք է արվել ու հանգանակված գումարով մի քանի հազար դիմակ է ձեռք բերվել ու արդեն բաժանվել Հայաստանի մարզերում ու Երևանում:
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերը մատերի վրա հաշված են, այն էլ` «ներմուծված»: Հատկանշական է, որ հունիսի 14-ից հետո երկրում վարակի ներքին տարածման դեպք չի հաստատվել: Նոր դեպքերը կարանտինում են հաստատվում, վարակակիրների մեծ մասը բեռնափոխադրումներով զբաղվող վարորդներ են: Փետրվարի 26-ից մինչ օրս երկրում ընդհանուր վարակվածների թիվը 958 է:
Կարդացեք նաև`
Վրաստանից ՀՀ ուղարկվող շնչառական սարքերի թիվը հասավ 50-ի. Նախաձեռնությանը միացել են հայեր արտերկրից