«Կորոնավիրուսի երկրորդ ալիքը կդիմավորենք պատրաստված և մեր ստացած փորձով: Դժվար է երաշխիք տալ, բայց եթե լինի երկրորդ ալիք, ապա Վրաստանը կհաղթահարի այն այնպես, ինչպես հաղթահարեց առաջինը, հնարավոր է բնակչությունը ոչ էլ զգա, որ երկրորդ ալիք է սկսվել»,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարությունը, կառավարությունն ու վարչապետ Գիորգի Գախարիան պատասխան միջոցառումներ են անցկացրել, որ համաճարակը մեծամասշտաբ չլինի, հիմա էլ՝ մշակել են մի շարք կանոնակարգեր, որոնք թույլ չեն տա, որ երկրորդ ալիքը տարածվի:
Ցերցվաձեն անդրադարձել է նաև կանոնակարգերի իրականացմանը, նշելով, որ ամենաբարդը եղել է վրացական ավանդույթները հաղթահարելը. հարսանիքներ ու ծննդյան տոնակատարություններ, միևնույնն է, անցկացվում են:
Վարակաբանի խոսքով՝ սահմանների բացումը կարող է ռիսկ հանդիսանալ, սակայն հուսով է՝ եթե ամեն ինչ չափի մեջ լինի, երկրորդ ալիք չի լինի, կամ՝ կհետաձգվի: