Վրաստանում դիմորդների գրավոր աշխատանքները կարանտին կանցնեն

Վրաստանում դիմորդների քննական գրավոր աշխատանքները  կստուգվեն քննությունից 3-4 օր հետո, մինչ այդ  դրանք կուղարկվեն կարանտինի:

Այս մասին լրագրողներին ասել է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տնօրեն  Սոֆո Գորգաձեն: Վաղվանից նաև հատուկ անձնակազմ կաշխատի, որը կհետևի դիմորդներին աջակցելու եկած հարազատների միջև սոցիալական հեռավորության պահպանմանը, քանի որ չնայած կոչերին ու խնդրանքներին`քննական կենտրոնների մոտ մարդկանց կուտակումներ են նկատվել:

Կորոնավիրուսի պայմաններում առաջին ազգային քննությունն անցել է հուլիսի 6-ին` վրաց լեզվից և գրականությունից: Երկրում  24 քննական կենտրոն է բացվել, հաճախելիությունը կազմել  է 93%:

Վրաստանում ազգային միասնական քննությունները մեկնարկել են այսօր` հուլիսի 6-ին, ավարտվելու են հուլիսի 25-ին: Դրամաշնորհների մրցույթը հուլիսի 25-ին է: Այս տարի ընդունելության քննություններին  մասնակցության հայտ է ներկայացրել  ավելի քան 55 հազար  դիմորդ և ուսանող:

Լուսանկարը` Քննությունների ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջից