Վրաստան ժամանող օտարերկրյա գործարարների համար կարանտինն ու թեստավորումը վճարովի կլինեն:
Այս մասին ասել է երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը: Ըստ Նաթիա Թուրնավայի` նոր կարգը շուտով կհրապարակվի: Արտերկրից եկած գործարարին ընտրության հնարավորություն կտրվի` վճարովի երկշաբաթյա բնակություն բարձրակարգ հյուրանոցում, կամ կորոնավիրուսի պարբերական թեստավորում: Երկու դեպքում էլ բոլոր ծախսերը գործարարներն են հոգալու:
«Եթե նրանք երկար ժամանակով են, կարող են ընտրել վճարովի կարանտին, դրանով օգնել մեր հյուրանոցներին: Թեստավորման տարբերակն ընտրելու դեպքում նրանք իրենք են պարտավոր 14 օրվա ընթացքում թեստեր ձեռք բերել, յուրաքանչյուր երրորդ օրը թեստավորվել: Սա վերաբերում է ցանկացած երկրից ժամանածներին», — ասում է Թուրնավան:
Կարանտինի գների մասին խոսելիս` նա ասել է, որ դա չի լինի այնպիսի գումար, որ գործարարների ուժից վեր լինի: Ըստ նախարարի` սա արվում է մի կողմից քաղաքացիների առողջությունը չվտանգելու, մյուս կողմից` ներդրողների հետ հաղորդակցությունը պահելու համար:
Այսօրվա գործող կարգով` Վրաստան ժամանող անձը պարտավոր է 14-օրյա կարանտին անցնել:
Բացառություն են միայն պաշտոնական պատվիրակությունները: Վրաստանի քաղաքացիների համար կարանտինն անվճար է: Նրանք ժամանելուն պես տեղավորվում են պետության կողմից վարձակալված հյուրանոցներում:
Հիշեցնենք` արդեն խոսվել է այն մասին, որ հնարավոր է մեղմացվեն Վրաստանի սահմանը հատելու կարգը` գործարարների և ուսանողների համար: