Օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց՝ Վրաստանում գտնվելու օրինական ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգվել է:
Կառավարության որոշման մեջ համապատասխան փոփոխություններ են կատարվել 2020 թվականի հունիսի 28-ին: Խոսքն այն անձանց մասին է, որոնք մարտի 14-ի դրությամբ օրինական են գտնվել Վրաստանում և մի շարք պատճառներով մինչ օրս չեն կարողացել լքել երկիրը: Նրանց՝ Վրաստանում օրինական գտնվելու վերջնաժամկետ է սահմանվել 2020-ի հուլիսի 31-ը:
Երկրում լինելու հիմնավոր պատճառ կարող է համարվել՝
-
եթե այն պետությունը, որի քաղաքացին է տվյալ անձը, համարվում է կորոնավիրուսի ռիսկային գոտի,
-
եթե համապատասխան պետության կողմից սահմանափակվել է սահմանը հատելը,
-
եթե անձը գտնվում է հիվանդանոցում, կարանտինում կամ ինքնամեկուսացված է,
-
եթե անձը չի կարող լքել Վրաստանը՝ չվերթների բացակայության պատճառով։
Անձը պարտավոր է ներկայացնել փաստաթուղթ այն հանգամանքի մասին, որից ելնելով՝ ստիպված է մնալ Վրաստանի տարածքում: Միաժամանակ, կառավարության որոշման մեջ ասվում է, որ այս ընթացքում Վրաստանում գտնվելը չի կարող կեցության իրավունք ստանալու հիմք հանդիսանալ:
Հիշեցնենք՝ մարտի 21-ին Վրաստանում արտակարգ դրություն հայտարարվեց. ամբողջությամբ դադարեցվեց ավիահաղորդակցությունը, սահմանները փակվեցին օտարերկրացիների համար: Արտակարգ դրության ռեժիմը դադարեց մայիսի 23-ին, սակայն երկրի սահմանները շարունակում են փակ մնալ, իսկ կանոնավոր չվերթների վերականգնումը երկարաձգվել է մինչև օգոստոս: Այժմ սպասվում է, որ հուլիսի 1-ից Վրաստան մուտքը հեշտացվելու է օտարերկրյա քաղաքացիների որոշ կատեգորիաների, օրինակ՝ ուսանողների և գործարարների համար: