Կարանտինի օրերին Մառնեուլիում բնակվող կանանց անտեսանելի աշխատանքը կրկնապատկվել է, բայց ժամանակն է նաև ադրբեջանական «սամավարի թեյի» սեղանի շուրջ համեմատել հին և նոր իրավիճակը:
«Չնայած շատ բաների իմացությանը, ես միշտ զերծ էի մնում ակտիվ լինելուց: Հնազանդությունը սովորովի է, և ես հնազանդորեն դաստիարակվեցի որպես «իսկական կին»», — ասում է Խանում Մամեդովան:
Խանում Մամեդովան 47-ամյա Մառնեուլցի կին է: Խանումն իր աշխատանքը կորցրեց այն բանից հետո, երբ Մառնեուլին փակվեց և շրջանում խիստ կարանտին հայտարարվեց: Նա արդեն ավելի քան 2 ամիս է, ինչ չի աշխատում և զբաղված է տնային գործերով և ընտանիքի անդամների խնամքով:
Մամեդովան մասնագիտությամբ հաշվապահ է: Խորհրդային տարիներին Ադրբեջանում ավարտել է ավագ դպրոցը, ինչպես ինքն է ասում՝ կարմիր դիպլոմով: Դժբախտաբար, նա երբեք չի աշխատել իր մասնագիտությամբ: Ամուսնացել է Մառնեուլիի իր գյուղ վերադառնալուց անմիջապես հետո:
«Այսօր շատ եմ զարմանում վաղ ամուսնությունից և վաղ տարիքում աղջկա ամուսնանալու կամ առևանգելու վերաբերյալ ընտանիքի մոտեցումներից: Հիշում եմ, որ իմ ժամանակ գրեթե բոլորն էին ավարտում ավագ դպրոցը, և գյուղերից, ովքեր ֆինանսական միջոցներ ունեին, անպայման գնում էին Ադրբեջան կամ Ռուսաստան՝ կրթություն ստանալու համար: Սա նաև աղջիկներին էր վերաբերում, չնայած նրանց մեծ մասը սովորում էր տեխնիկական դպրոցում: Ես սովորում էի մի ֆակուլտետում` 3000 տղայի հետ և խմբում ընդամենը մի քանի աղջիկ էինք», — ասում է Խանումը:
Ըստ Խանումի՝ իր երիտասարդության տարիներին ընդունված է եղել, որ աղջիկը գյուղից հեռու գնա, ինքնուրույն ապրի և կրթություն ստանա: Խանումն ավագ դպրոցը ավարտել է 22 տարեկան հասակում: Լարված ժամանակաշրջանում գյուղ վերադարձած երիտասարդ աղջկան ընտանիքը նշանել է իր բարեկամների տղայի հետ:
Նրա խոսքով՝ փեսայի ընտանիքի մեծերն են նրան ընտրել և իրենք էլ նշանակել հարսանիքի օրը:
«Այն ժամանակ մեր ժողովուրդը ապրում էր մեծ ընտանիքներով, ինչը բավականին դժվար էր: Մինչ իմ տալի (ամուսնուս քույրը) ամուսնանալը, մեկ տան մեջ, տարբեր սերունդների 11 հոգի էինք ապրում: Այնուհետև ինձ առաջարկեցին աշխատանք, սակայն փոքր երեխա ունեի և սկեսրայրս չթողեց աշխատել և հրահանգեց տանը մնալ: Ես իրավունք չունեի հակառակվելու, քանի որ նա ընտանիքի ղեկավարն էր: Ես ու ամուսինս շարունակեցինք գյուղատնտեսությամբ զբաղվել», — ասում է Մամեդովան:
5 տարվա ամուսնությունից հետո Խանումը տեղափոխվեց Մառնեուլի և սկսեց աշխատել: Նա իր մասնագիտությամբ երբեք չի աշխատել: Ինչպես ինքն է նշում, դրա պատճառը ծանոթ չունենալն է: Սկզբում սկսեց աշխատել շուկայում, հետո խանութում: Նա աշխատել է մոտ տաս տարի, բայց համաճարակը փոխեց իր ճակատագիրը:
«Մենք Մառնեուլի տեղափոխվեցինք ապրելու՝ մեկ պայուսակ հագուստով: Մի տուն վարձեցինք, և երկուսս (ես և ամւոսինս) սկսեցինք աշխատել: Դրանք ամենադժվար տարիներն էին: Երբ ես այսօր հանգիստ նստած եմ իմ տանը, կարծում եմ, որ դա մեծ երջանկություն է, և ցանկանում եմ, որ բոլորն ապրեն իրենց սեփական տանը: Երբ ես շուկայում էի աշխատում, ցերեկը վերադառնում էի տուն, քանի որ կին եմ և պատասխանատու եմ ամեն ինչի համար: Սկզբից ստիպված էի պատրաստել սնունդ, այդ իսկ պատճառով ես հաճախ էի առավոտյան շատ շուտ արթնանում, որպեսզի տուն վերադառնալով ընտանիքիս քաղցած անդամներին ուտելիքով լի սառնարանը հանդիպեր: Ապա տունը հավաքել, լվացք անել, արդուկել. դա իմ կրկնակի աշխատանքն էր՝ տանը և դրսում»:
«Կինը դաստիարակվում է հնազանդ լինել: Նույնիսկ այդ դեպքում կինը չգիտի, որ իրավունք ունի հանգստանալու կամ հակադրվելու («ոչ» ասելու իրավունք): Ես բազմիցս ընտանեկան բռնության զոհ եմ եղել: Ես չեմ համարձակվում դա ասել, քանի որ իմ շրջապատի մարդիկ ճիշտ չեն ընկալի դա: Ես մի ժամանակ կարծում էի, որ դա նորմալ է, քանի որ կինը ստիպված է ամեն ինչի հետ համակերպվել», — ասում է Խանումը:
Մամեդովան նաև պնդում է, որ կանայք առավելապես տուժում են տնտեսական կախվածության պատճառով: Նա ասում է, որ եթե կինն ունի իր փողը, նա կարող է որևէ բան ձեռնարկել: Նաև նշում է, որ նույնիսկ այս դեպքում անհրաժեշտ է, որ կանայք տեղյակ լինեն իրենց իրավունքներից և հաղթահարեն անվերապահ հնազանդությունը: Խանումը կանանց կոչ է անում ֆինանսապես անկախ լինել և պաշտպանել իրենց իրավունքները:
Հեղինակ ՝ Շալալա Ամիրջանովա
Գլխավոր հերոսի հետ հարցազրույցը անանուն կերպով է ձայնագրված, և զրուցակցի անունը և ազգանունը փոփոխված է: