Վրաստանի խորհրդարանը այսօր՝ հունիսի 23-ին կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ նույնպես կողմ քվեարկեց սահմանադրական փոփոխություններին:
Սահմանադրական փոփոխությունները ընդունելու համար անհրաժեշտ է առնվազն 113 ձայն: Նիստին գրանցվել էր 119 պատգամավոր: 115 պատգամավոր կողմ է քվեարկել փոփոխությունների նախագծին, ըստ որի 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համընդհանուր համամասնական ընտրակարգին առավելագույնս մոտ կարգով: Դեմ է քվեարկել 3 պատգամավոր, ձեռնապահ է մնացել մեկ պատգամավոր:
Հունիսի 21-ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց սահմանադրական փոփոխությունների նախագծին: Օրենսդրական նախաձեռնությունը քննարկող նիստին գրանցված 142 պատգամավորից կողմ քվեարկեց 136-ը, դեմ՝ 5 պատգամավոր:
Սահմանադրական փոփոխությունները 3 ընթերցմամբ նախատեսվում է ընդունել մինչև հունիսի 29-ը:
Սահմանադրական փոփոխությունների մասին հակիրճ
Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը ընտրական կարգով (120 համամասնական, 30 մեծամասնական) և 1 տոկոսանոց անցողիկ շեմով :
Օրինագիծը ենթադրում է 40 տոկոսանոց արգելքի մեխանիզմ, ինչը նշանակում է, որ որևէ կուսակցություն 2020 թվականի ընտրություններին համամասնական կարգով 40,54 տոկոսից պակաս աջակցություն ստանալու դեպքում, միակուսակցական կառավարություն ձևավորելու հնարավորություն չի ունենա. կոալիցիոն կառավարության ձևավորման անհրաժեշտություն կլինի: