Բանակին տրանսպորտային միջոցներ տրամադրելու համար Վրաստանի Պաշտպանության նախարարությունը համաձայնագիր է ստորագրել աշխարհի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ, հայտնում են ՊՆ-ից:
Վրաստանի Զինված ուժերում սովետական հատուկ տեխնիկան կփոխարինվի ավելի քան 500 միավոր MAN (Գերմանիա), IVECO (Իտալիա) և Ford (ԱՄՆ) ապրանքանիշերի ժամանակակից հատուկ տրանսպորտային միջոցներով:
Ինչպես նշում են նախարարությունից՝ սա առաջին անգամն է, որ վրացական զինուժը կունենա միջազգային չափանիշներին համապատասխանող հատուկ տեխնիկա: Այս ապրանքանիշերի հատուկ սարքավորումներն օգտագործվում են Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի և զարգացած այլ երկրների զինված ուժերի կողմից:
Պաշտպանության նախարարությունը ձեռք բերված նոր տեխնիկայի գումարը կվճարի մաս-մաս՝ մի քանի տարվա ընթացքում: Նշվում է նաև, որ նոր հատուկ տեխնիկայի ձեռքբերումը կարևոր որոշում է նաև ծախսարդյունավետության տեսանկյունից, քանի որ հնացած սարքավորումների պահպանումն ու նորոգումը տարեկան մինչև մեկ միլիոն լարի արժեն: