Գաբունիային պետական պաշտպանություն է առաջարկվել

 «Մթավարի արխի» հեռուստաընկերության մեկնաբան Գիորգի Գաբունիան, որ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հայհոյանքներ էր հնչեցրել, այսօր հայտարարել է, որ պետությունն իրեն պաշտպանություն  է առաջարկել:   «Պետությունն ինձ պաշտպանության առաջարկ է արել, ասել են, որ նույնիսկ կարող եմ դեմքս փոխել, անունս ու ազգանունս: Ինքս պետք է որոշեմ՝ ինչ է անհրաժեշտ ինձ: Պետք ա փաստաբանի հետ քննարկեմ: Պետք է վտանգները գնահատել», — ասել է Գաբունիան:

Հիշեցնենք՝ անցյալ տարի «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ուղիղ եթերում Գաբունիան հեղինակային «Պոստսկրիպտում»  հաղորդման ընթացքում  մեկ րոպե տևողությամբ ռուսերենով վիրավորական՝ այդ թվում նաև սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել ՌԴ նախագահ  Պուտինի հասցեին: Լրագրողն այդ դեպքից հետո հեռացվեց հեռուստաընկերությունից։ Գաբունիան եթեր վերադարձավ «Ռուսթավի 2»-ի նախկին ղեկավարների կողմից հիմնադրված՝ «Մթավարի արխի» հեռուստաընկերությունում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ  Վրաստանի հակաահաբեկչական ծառայությունը  ձերբակալել է Ռուսաստանի դաշնության  քաղաքացի, Ինգուշեթիայի բնակիչ 38-ամյա Վասամբեկ Բոկովին, որը ենթադրաբար Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի պատվերով պետք է սպաներ լրագրող Գիորգի Գաբունիային:

Ի դեպ՝ Կադիրովը Վրաստանին սպառնացել էր նաև 1 տարի առաջ:  Հակառուսական բողոքի ալիքի համատեքստում Թբիլիսիում կատարվող իրադարձությունները մեկնաբանելիս նա ասել էր. «Ուզում եմ հիշեցնել, որ Գրոզնիից Թբիլիսի ընդամենը 200 կմ է, իսկ Ռուսաստանում ոչ պաշտոնական տվյալներով գրեթե մեկ միլիոն վրացի է ապրում: Մեր ժողովուրդները  բարեկամության և միասնության դարավոր կապ ունեն»: 

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ իրենց հաջողվել է ծանրագույն հանցագործություն կանխել։ «Սա հանցագործություն էր երկրի քաղաքացու, առավել ևս հայտնի լրագրողի դեմ, և  նախաքննության հետ կապված բոլոր տեղեկությունները թափանցիկ ու հասանելի են լինելու հանրությանը»,֊ վստահեցրել է երկրի վարչապետը։

Լուսանկարը՝ ֆեյսբուքից։

 

Թեման՝ առավել մանրամասն

Պուտինին հայհոյելուց մեկ տարի անց՝ Կադիրովի թիրախում