Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասի շուկայում բռնկված հրդեհից երկու մարդ է տուժել, մեկը տեղափոխվել է հիվանդանոց:
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի տվյալներով՝ տուժածներից մեկը ոստիկանության աշխատակից է, նա հրաժարվել է հոսպիտալացումից:
Շուկայի հրդեհը րոպեներ առաջ հաջողվել է տեղայնացնել, այրվել է ավելի քան 1000 քմ տարածք, վնասի չափը ճշտվում է:
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության Թբիլիսիի գլխավոր բաժնի պետ Օթար Կերեսելիձեի խոսքով՝ հրդեհը քիչ առաջ տեղայնացվել է, հրդեհի տարածման վտանգ չկա: Տեղում աշխատել է հրշեջ-փրկարարական 25 ջոկատ:
Ըստ տեղեկությունների՝ հրդեհաշիջման աշխատանքներին խոչընդոտում էր քամին: Մոտակայքում բենզալցակայան է գործում, վտանգ կար, որ հրդեհը կտարածվի բենզալցակայանի, հարակից շենքերի ու շուկայի մյուս մասի տարածքում ևս: Տեղեկություններ կան նաև, որ մոտակա շենքերի որոշ բնակիչներ հրդեհի պահին տարհանվել են:
Վարկեթիլիի խառը ապրանքների շուկայում վաճառվում է հագուստ, տեխնիկա, գործում են մթերքի ու բանջարեղենի վաճառակետեր:
Կորոնավիրուսի սահմանափակումներով պայմանավորված՝ նշված շուկան ևս 3 ամիս փակ էր, վաճառականներն ընդամենն օրեր առաջ էին վերադարձել աշխատանքի: