Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ՝ Վրաստանի այսօրվա համաճարակային իրավիճակը տագնապալի չէ և խուճապի առիթ չի տալիս: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքին մասնագետները սպասում են աշնանը, երբ կսկսի ցրտել:
«Imedi» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Գամղրելիձեն հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակման այն քանակը, որ արձանագրվում է Վրաստանում վերջին մի քանի օրերի ընթացքում, հիմք չի հանդիսանում, որպեսզի երկիրը վերադառնա հավելյալ սահմանափակող միջոցառումների:
«Առողջապահական հատվածը պատրաստված է և հեշտությամբ կդիմագրավի 12,13,14 և 20 նոր դեպքերին, սակայն դժվար կլինի, եթե օրական արձանագրվի 50-70 դեպք: Այն ժամանակ պետք է մտածենք որոշ միջոցներ խստացնելու մասին»,- հայտարարել է Գամղրելիձեն:
Լուսանկարը՝ radiotavisupleba.ge