Վրաստանում թթվածնային խտացուցիչների գնման գործընթացը շարունակվում է: «Հայաստանի ընկերներ — Վրաստան» նախաձեռնությանը նորանոր մասնակիցներ են ավելանում: Վրաստանից գնված արհեստական շնչառություն ապահովող սարքերի թիվը հասավ 50-ի:
Եվս 23 սարք է գնվել, որոնցից 12-ը Լյուքսեմբուրգի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների ֆինանսական աջակցությամբ: Նրանք ցանկացել են անհայտ մնալ: 8 շնչառական սարք գնվել է «Caritas Georgia»-ի կողմից: Մեկական սարք ձեռք է բերվել Բելգիայի մի քանի հայերի, Ջավախքում գործող «Jnews» լրատվականի և ջավախահայ գործարար, «Vlad» խանութի սեփականատեր Վարդան Սաակյանի աջակցությամբ:
Նշենք, որ կոնցենտրատորների խմբաքանակը Թբիլսիում սպառվել է, այս պահին սարքերի մի մասը ձեռք է բերվել Քութայիսիից, մյուսը՝ Մցխեթայից: Շարունակում ենք փնտրել սարքեր պատվիրելու ու դրանք գնելու տարբերակներ: Նոր ձեռք բերված սարքերը նախկինների նման, սահմանին կփոխանցվեն Հայաստան համահայկական հիմնադրամին և ապա կտեղայնացվեն Առողջապահության նախարարության կողմից: